Հարթֆորդ Շոպենի հիմնադրամը հովանավորում է Շոպենի դաշնամուրների ամենամյա միջազգային մրցույթը։ Արդեն 14 տարի շարունակվող քառօրյա միջոցառումը (մարտի 8-12) համախմբել էր տարբեր տարիքի 85 հավակնորդ դաշնակահարների։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են դաշնակահարներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ինդոնեզիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից եւ Հայաստանից, հայտնում է Armenian Mirror Spectator-ը։
«Պրոֆեսիոնալ» անվանակարգում հայաստանցի դաշնակահար Սեյրան Թոզլյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Դրամական պարգեւի հետ մեկտեղ մրցանակը ներառում էր Լեհաստանում ելույթ ունենալու հրավեր։ 20-ամյա Թոզլյանը մրցույթի նախնական եւ եզրափակիչ փուլերում ներկայացրել է Շոպենի, Դեբյուսիի, Պրոկոֆևի, Ռախմանինովի եւ Լիգետիի մի շարք ստեղծագործություններ։ Նա նաեւ Նյու Յորքի Անսելմոյի երաժշտական ակադեմիայի հինգերորդ միջազգային մրցույթի դափնեկիր է եւ 2023 թվականի Boesendorfer-Yamaha միջազգային դաշնամուրային մրցույթում նա անցել է կիսաեզրափակիչ փուլ։
«Երիտասարդ արտիստներ» անվանակարգում Մասաչուսեթսի բնակիչ Վարդան Առաքելյանը 13-ից 17 տարեկանների շրջանում 24 դաշնակահարների մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նա Քեմբրիջի Buckingham, Brown & Nichols ավագ դպրոցի իններորդ դասարանի աշակերտ է եւ դաշնամուրի մասնավոր դասեր է ստանում Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ։
Լսումներին նա ներկայացրել է Բախի, Շոպենի եւ Յանաչեկի ստեղծագործությունները։ Մրցանակը ներառում էր դրամական պարգեւ, ինչպես նաեւ հրավեր՝ մասնակցելու այս ամառ Լեհաստանի Բուսկո Զդրոյ քաղաքում անցկացվող երիտասարդ արտիստների Շոպենի միջազգային փառատոնին:
Առաքելյանը նաեւ արժանացել է առաջին մրցանակին 2022 թվականի ապրիլին կայացած Mildred Fryberg High School Competition-ում, որը հովանավորվել է New England Piano Teachers Association-ի կողմից՝ M. Steinert & Sons of Boston-ի հետ համատեղ:
Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին դաշնակահարներ Քրիստիան Տկաչեւսկին Լեհաստանից եւ ԱՄՆ-ից, Ժոզեֆին Կոխը Սինգապուրից։ Ֆիլիպ Ռասկինը՝ Բելգիայից, Ադոլֆ Վիդալը՝ Վենեսուելայից, Մինա Փերին՝ Ճապոնիայից, Մայքլ Բուլիչեւ-Օքսերը՝ ԱՄՆ-ից եւ Միխայիլ Վոսկրեսենսկին՝ Ռուսաստանից։