Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ուղևորափոխադրող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտնեցին, որ իրենց կազմակերպության նախագահ Վարդան Փանոսյանն վերջերս արած իր հայտարարությունների պատճառով հեռացվել է նախագահի պաշտոնից և կազմակերպությունից: Նրան փոխարինել է Հրանտ Եղիազարյանը:

Լրագրողների այն հարցին, արդյոք Փանոսյանի հեռացումը կապված է վերջինիս արած այն հայտարարության հետ, թե փոխադրող ընկերություններն իրենց կողքին չեն հայտնվել Նավասարդյանի պաշտոնանկությունը պահանջելու պահին, հյուրերը պատասխանեցին, որ Փանոսյանի արած բոլոր հայտարարություններն էլ ինքնաբուխ և անպատասխանատու են: Նա դրանք արել է առանց խորհրդակցելու մյուս անդամների հետ, նման հայտարարություններ անելու լիազորություն չի ունեցել, և դա վերաբերում է բոլոր հայտարարություններին:

ՀԿ-ի փոխնախագահ Առաքելյանը հայտնեց, որ տրանսպորտի գնի թանկացման շուրջ քննարկումները շարունակվում են, և նրանք իրենց կողմից արված հաշվարկներով արձանագրությունը ներկայացրել են քաղաքապետարանին և սպասում են վերջնական պատասխանին:

«Հարցը վերջին 10 օրերի ընթացքում չի ծագել, այն արդեն 6-7 տարվա պատմություն ունի: Քաղաքապետարանի կողմից արված արձանագրության համաձայն՝ գինը պետք է բարձրանա մինչև 202 դրամ, սակայն մենք մեր համաձայնությունը տվեցինք 150 դրամին, որն անխուսափելի է, քանի որ այլ կերպ հնարավոր չէ: Մենք պետք է կարողանանք վճարել վարորդներին, հավաքարարներին և մյուս բոլոր աշխատակիցներին, ինչը 100 դրամի դեպքում անհնար է: Աշխատակիցների սոցիալական վիճակը նույնպես պետք է ապահովվի»,- հայտարարեց Առաքելյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչու պետք է այդ բարելավվումը կատարվի ժողովրդի հաշվին, ինչու նրանք չեն դիմում պատկան մարմիններին, ներկաները պատասխանեցին, որ մարդիկ վճարելու են իրենց ստացած ծառայության դիմաց և երթուղայիններից օգտվում են հենց մարդիկ, ոչ թե պատկան մարմինները:

«Մենք դիմել ենք պատկան մարմիններին, բայց մենք Փակ բաժնետիրական ընկերություն ենք, իսկ Քաղաքապետարանը 2-րդ կողմ է: Բարվոք վիճակով երթուղայինների առկայութան համար թանկացումն անխուսափելի է»,- նշեց Առաքելյանը՝ ավելացնելով, որ իրենք պատրաստ են քաղաքացիների և ակտիվիստների հետ կլոր սեղանի շուրջ քննարկում կազմակերպել և դրա արդյունքում հարցին լուծում տալ: