Տրանսպորտի գնի թանկացումն անխուսափելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեցին Հայաստանի ուղևորափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նրանք սա բացատրեցին այն հանգամանքով, որ այլ կերպ չեն կարող վարձատրել ավելի քան 350 աշխատակիցների: Ներկայացուցիչներից Վլադիկ Աբրահամյանը վրդովված պնդում էր, որ կվաճառի իր երթուղին և կհեռանա Երևանից:

«Երթուղին էլ եմ վաճառում, ռադ ըլնեմ Երևանից գնամ: Հնարավոր չի ուրիշ ձև: Ընկել եմ կրակը: Ով ա ասում, որ գծատերերն օլիգարխներ են: Էկեք իմ տուն՝ տեսեք օլիգարխ եմ, թե հավաքարար»,- պնդում էր ներկայացուցիչը՝ նշելով, որ տեխնիկան և մյուս բոլոր նյութերը թանկացել են, հետևաբար տրանսպորտի թանկացումը անխուսափելի է:

Ներկայացուցիչները նաև պնդում էին, որ հնարավոր է որոշ երթուղիներ դուրս գան գծից և այլևս չսպասարկեն: 

Կազմակերպության նախագահ Հրանտ Եղիազարյանին ուղղված YerevanNews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում ակտիվիստներին վիրավորած պաշտոնյաների պաշտոնանկություններին, Եղիազարյանը պատասխանեց, որ վիրավորանքների փաստը դեռևս ապացուցել է պետք:

«Եթե անգամ եղել է նման բան, պաշտոնյայի հարցով պետք է զբաղվի իր վերադասը և նա պետք է որոշի՝ ազատել աշխատանքից, թե ոչ: Ինչ վերաբերում է ակտիվիստների նկատմամբ իրականացնող բռնություններին, պետք է ասեմ, որ դրանք պետք չէ կապել տրանսպորտի գնի թանկացման հետ: Ես առհասարակ դեմ եմ յուրաքանչյուր տեսակի բռնությանը, քանի որ կարելի է մարդկային լեզվով ամեն ինչ հասկացնել»,- ավելացրեց Եղիազարյանը:

Մեր թղթակցի այն հարցին, արդյոք քաղաքապետարանը չարաշահել է տրանսպորտի գնի թանկացման հարցում իր լիազորությունները, Եղիազարյանը պատասխանեց, որ նման բան լինել չի կարող, քանի որ քաղաքապետարանն ամեն ինչ անում է՝ ժողովրդի շահերից ելնելով:

«Այն ժամանակ, երբ տրանսպորտի գինը պետք է նշանակվեր 202 դրամ, քաղաքապետարանի որոշմամբ՝ այն նշանակվեց 150 դրամ, ինչին մենք համաձայնեցինք, իսկ դա նշանակում է, որ քաղաքապետարանը հասկանում և գնահատում է ժողովրդի սոցիալական վիճակը: Չարաշահումների մասին խոսք լինել չի կարող»,- գնահատեց Հրանտ Եղիազարյանը: