ԱԺ այսօրվա նիստի առաջին երկու հարցերը խիստ փոխկապակցված են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Մի կողմից արդեն ամիսներ շարունակ ՄԻՊ-ի թափուր պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունը առաջադրել է նոր թեկնածու այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդ ինչի հրաժարական ներկայացրեց: Մյուս կետով էլ թեկնածուի անմիջական վերադաս գլխավոր դատախազը ներկայացնելու է մեր գործընկեր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու հարցը:
Հատկանշական է, որ օրակարգը ԱԺ-ին ներկայացնում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանրային զայրույթ առաջացրած նրա անթույլատրելի խայտռակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ-ի ներկայիս թեկնածուն խուսափել է լրատվամիջոցներին որեւէ դիրքորոշում ասել՝ նշելով, թե փաստեր չկան: Իրականում կային փաստեր, դրանք բարձրաձայնված էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր կարգավիճակը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հանրության եւ հայրենիքում ապրող Կարեն Մկրտչյանի նկատմամբ: Դեռ ավելին, թիկնազորի անդամները կարծելով, թե իրենք ոչ թե ՊՊԾ աշխատողներ են, այլ ախռաննիկներ, բռնություն էին գործադրել:
Ու հիմա իշխանության մանիպուլյացիաներից, արդարացումներից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում միայն ՀՀ քաղաքացիներից եւ ոչ թե Կարեն Մկրտչյանից:
Հիշեք, ամեն մի մեր հայրենակցի իրավունքն է իրենց քաղաքական դիրքորոշումը երկրի գլխին հասցված այս բոլոր ավերներից հետո մեղադրելու, քաղաքական գնահատական տալու դավաճանության էլ, հողատվության էլ, հայրենազրկման համա էլ: Քաղաքական գնահատականին թիկնազորով, թքոտելով, թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ իրավունքից»,-ասաց նա: