ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «ՊԵԿ-ի լարած նոր ծուղակը» հոդվածում բերված` «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթների յուրովի մեկնաբանությունները դուրս են իրավական շրջանակներից, իսկ կատարված որակումները` հեռու իրականությունից: Այսպես` «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է շրջանառության հարկ վճարողների շրջանակը, որի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող ՀՀ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճարողները (այսուհետ` անձինք): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները, իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Վերը նշված օրենքի 4-րդ հոդվածում օգտագործվող «անձ» հասկացությունն իրավական առումով ներառում է բացառապես առևտրային կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին. առավել, քան հստակ է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն ներառվում «անձ» հասկացության մեջ: Ակնհայտ է նաև, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, լինելով հարկային օրենսդրության դրույթները կիրառող մարմին, այդ դրույթները կիրառում է բացառապես օրենքի տառին համապատասխան, հետևաբար հոդվածագրի կողմից կամայական մեկնաբանություն կարող էր որակվել ճիշտ հակառակ իրավիճակը, եթե ՊԵԿ-ի մեկնաբանությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացիները ներառվեին այդ օրենքի իմաստով կիրառվող «անձ» հասկացության մեջ, ինչը սահմանված չէ օրենքով: Տեղին է նշել, որ օրենքը նախատեսել է նաև կամավոր հիմունքներով ԱԱՀ վճարող համարվելու հնարավորություն: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կազմակերպությունները, որոնք համարվում են շրջանառության հարկ վճարող, իրենց ցանկությամբ ցանկացած եռամսյակում կարող են համարվել ԱԱՀ վճարող, սակայն միայն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ սահմանված ձևով գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում` հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից: Հետևաբար, եթե տնտեսվարող սուբյեկտներն իրենց կամքով չեն ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու սահմանված ձևի հայտարարություն և չեն նշել, թե որ օրվանից են ցանկանում լինել ԱԱՀ վճարող, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը կրկին իրավասու չէ ինչ որ պահից սկսած հարկ վճարողին ճանաչել ԱԱՀ վճարող: Հոդվածագրի տեսակետը, ըստ որի նորից հարվածի տակ են գերփոքր ընկերությունները, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը հետևյալ պարզ պատճառներով.
գերփոքր ընկերություններն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2013 թվականից սկսած չեն գործում ԱԱՀ-ի դաշտում. ներկայումս նրանք գործում են կամ շրջանառության հարկի, կամ արտոնագրային վճարների դաշտում:
խոսքը մեկ ֆիզիկական անձին միաժամանակ մի քանի ընկերություններ պատկանելու դեպքերի մասին է, որը, հիմնականում, վերաբերում է մեկ ֆիզիկական անձի պատկանող` արհեստականորեն մասնատված խոշոր բիզնեսին, այլ ոչ թե իրապես գերփոքր ընկերություններին, ինչպես նշում է հոդվածագիրը: