«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերը կհիշեն խորհրդային տարիներին քաղաքային ավտոբուսների հանրահայտ ցուցանակը՝ «Վարորդը նաև հսկիչ է»: Հիմա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանինն է: Համենայն դեպս, պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին գլխավոր դատախազի պատասխանը (եթե դա ընդհանրապես կարելի է պատասխան համարել) հիշեցրեց նշված բանաձևը:
Աննա Վարդապետյանը փաստացի ընդունեց, որ արտառոց բան չկա, երբ վարչապետի աշխատակազմից զանգում են անկախ մարմնի ներկայացուցչին, ասենք՝ դատախազին, քննիչին: Թեկուզ դատավորին: Նա ասում է, որ ոչ մի վատ բան չի տեսնում «մասնագիտական քննարկման մեջ»:
Ուղղակի «հանճարեղ» է, եթե ավելին չասվի: Գիտե՞ք՝ մենք նույնպես «մասնագիտական քննարկման մեջ» ոչ մի վատ բան չենք տեսնում: Բայց ո՞ւմ հետ «մասնագիտական քննարկում», վարչապետի օգնականի՞, ընդհանրապես կառավարության ներկայացուցչի ու անկախ մարմնի ներկայացուցչի՞: Կապ չունի, թե ինչ գործով, ով և ում է զանգահարել, ով ինչ գործերով է կարմիրով «նկատառումներ» իրականացրել: Ցանկացած զանգ, ցանկացած նմանատիպ «քննարկում» ուղղակի հրահանգավորում է, միջամտություն է արդարադատության իրականացմանը:
Ստացվում է՝ Աննա Վարդապետյանը չի էլ հերքում, որ իրեն էլ կարող են զանգահարել կառավարությունից, կամ ինքը կարող է զանգահարել կառավարություն ու «մասնագիտական քննարկում» անցկացնել: Լո՞ւրջ: Արդյո՞ք սա չի նշանակում իրավապահ համակարգի՝ մեկ անձից լիարժեք կախվածության մեջ դնելու փաշինյանական համառ ջանքերի լիարժեք լեգիտիմացում: Ու դրանից հետո ի՞նչ անկողմնակալություն կարող է ակնկալել քաղաքացին նման իրավապահ համակարգից: Դրա համար էլ իշխանավորներն ինչ ուզում անում են, իսկ Նիկոլ Փաշինյանի թանին թթու ասողները նույնիսկ «անթույլատրելի» բառի համար պիտի նստեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում