Մենք ասել ենք, որ Լաչինի միջանցքի հարցի վերաբերյալ չենք բանակցելու, հիմա էլ նույն դիրքորոշումն ունենք: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս հարցում ամեն ինչ պայմանավորված է, ընդամենը պետք է Ադրբեջանն իր պարտվորությունները կատարի, եւ Ռուսաստանը պետք է ադրբեջանցիներին դուրս մղի Լաչինի միջանցքին, որովհետեւ Լաչինի միջանցքն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ՌԴ-ի խաղաղապահի ուժերի վերահսկողության տակ պետք է լինի»,-ասաց նա:


Անդրադառնալով Արցախի անվտանգության թեմային, Արմեն Գրիգորյանն ասաց. «ԼՂ-ի համար անվտանգություն կարող է լինել ԼՂ շփման գծից ադրբեջանական զինված ուժերի հեռացումը որոշակի տարածություն: Անվտանգության հավելյան երաշխիքներ կարող են լինել միջազգային ներկայությունը ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում: Անվտանգության երաշխիք կարող է լինել Ստեփանակերտ-Բաքու բանակցային ֆորմատն իր բնույթով, եթե միջազգային ներկայություն կա եւ պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվում այդ բանակցություններում երաշխիքներ են ստեղծում»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում միջազգային ներկայություն ԼՂ-ում, եթե այնտեղ արդեն կանգնած են ռուս խաղաղապահները, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Միջազգային ներկայությունն ավելի գլոբալ է, քան միայն Արեւմուտքի ներկայությունը: Միջազգային ներկայությունը կարող է երաշխավորել, որպեսզի Արցախում այս պահին անվտանգության այն երաշխիքները, որոնց ակնկալիքն ունեցել ենք, դեռեւս չկան, որ սկսեն գործել: Մենք տեղյակ ենք, որ այս պահին ԼՂ-ում բազմաթիվ անվտանգային հարցեր չեն լուծվում, եւ դրանք լուծելու համար միջազգային ներկայության անհրաժեշտություն կա: Միջազգային ներկայության տարբեր ձեւեր կան, օրինակ, քաղաքացիական կարող է լինել: Այստեղ կարեւորը անվտանգության երաշխիքներն են, որը ցանկանում ենք ստանալ:

Եթե այս պահին միջանցքը փակ է եւ այնտեղ հումանիտար ճգնաժամ է զարգանում, մենք չպե՞տք է փորձենք արձագանքել դրան: Սկզբից փորձել ենք գործող մեխանիզմներով լուծել, խոսել ենք ՌԴ-ի հետ: Մենք տեսել ենք, որ այդ լուծումները չկան, հույս ունենք, որ կլինի: Բայց նաեւ աշխատում ենք այլ ուղղությամբ, որ միջազգային ներկայությամբ կարողանանք անվտանգությունը երաշխավորել»: