ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի վախենում Չինաստանի վերելքից, ինչպես նաեւ Պեկինին կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, այդ թվում խաղաղության եւ անվտանգության համար։
Ավելի վաղ Բորելը տեղեկացրել էր, որ տեղափոխում է Չինաստան կատարելիք այցը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։
«Մենք չենք վախենում Չինաստանի վերելքից։ Սակայն մենք գիտենք, որ վաղվա աշխարհի պատմությունը նաեւ կախված է լինելու այն բանից, թե ինչպես Չինաստանը կօգտագործի իր հզորությունը»,- գրել է Բորելը եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքի իր բլոգում՝ հրապարակելով այն ելույթը, որը պետք է ունենար Պեկինում։
Բորելը նշել է, որ աշխարհը պետք է դիմակայի արտակարգ կլիմայական իրավիճակին եւ կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին։ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ Չինաստանը պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի այդ թվում խաղաղության եւ անվտանգության համար։
«Չինաստանը եւ ԵՄ-ն ամուր տնտեսական կապեր ունեն»,- գրել է նա։ Սակայն ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ անհավասարակշռություն է առաջացել, որը պետք է նվազեցնել։ Ինչպես նշել է Բորելը, ԵՄ-ն շահագրգռված է բաց համակարգի պահպանմամբ, եւ Եվրամիությունն առանց տատանվելու միջոցներ կձեռնարկի անարդար գործողություններից պաշտպանության համար։
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն ընդունել է, որ Եվրամիությունը «չափից շատ» է կախված Չինաստանից որոշ հումքատեսակների առումով, ինչպիսին են կոբալտը, մանգանը եւ մագնիումը։ Նա ավելացրել է, որ ԵՄ-ն կարող է արագ ազատվել այդ կախումից, երբ կենսականորեն կարեւոր շահերը հայտնվեն սպառնալիքի տակ։
«Մենք նախկինի պես հավատարիմ ենք «մեկ Չինաստան» քաղաքականությանը։ Մենք այն կասկածի տակ դնելու պատճառ չենք տեսնում... Սակայն ստատուս-քվոյի փոփոխման ցանկացած փորձ ուժի օգնությամբ անընդունելի կլինի»,- գրել է Բորելը։
Նա նաեւ Չինաստանին «բարեկամական խորհուրդ» է տվել Ուկրաինայի հետ կապված՝ ասելով, որ Եվրամիության համար չափազանց դժվար կլինի, անգամ անհնար վստահալից հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ», եթե Պեկինը չնպաստի հակամարտության քաղաքական լուծման որոնմանը։
Բորելը նաեւ անդրադարձել է մարդու իրավունքների հարցին՝ նշելով, որ ԵՄ-ն եւ Չինաստանն այստեղ «խոր եւ լուրջ» տարաձայնություններ ունեն։