Չինաստանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. գիտնականներին հաջողվել է «արհեստական արևը» վառ պահել 403 վայրկյան
14 ապրիլի, 2023 11:59
Չինական Experimental Advanced Superconducting Tokamak (EAST, HT-7U Superconducting Tokamak) ջերմամիջուկային ռեակտորը կարողացել է մեկ ցիկլի ընթացքում անընդմեջ աշխատել 403 վայրկյան՝ այդպիսով սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ, որը գրեթե չորս անգամ գերազանցել է նախորդ ռեկորդը (101 վայրկյան): Այս մասին հայտնում են չինական աղբյուրները։

Հայտնի է, որ ռեակտորը գտնվում է Անհույ նահանգի Հեֆեյ քաղաքում, սակայն առայժմ տվյալներ չկան այն մասին, թե ինչ ռեժիմով է այն աշխատել և ինչ ջերմաստիճանի է պլազման տաքացվել։ Ավելին, չկա նաև տեղեկություն, թե ինչ պլազմայի մասին է խոսքը՝ էլեկտրոնայի՞ն, թե իոնային, իսկ դա չափազանց կարևոր է։

Բանն այն է, որ խոսքը կարող է լինել պլազմայում էլեկտրոնների տաքացման մասին մինչև 120 միլիոն աստիճան Ցելսիուս: Այնուամենայնիվ, ռեակտորի պլազմայում ջերմամիջուկային սինթեզի ռեակցիա սկսելու համար անհրաժեշտ է տաքացնել ոչ թե էլեկտրոնները, այլ իոնները՝ ավելի քան 100 միլիոն աստիճան, իսկ դրանք ավելի ծանր են, քան էլեկտրոնները, և դրանց տաքացումը պահանջում է գրեթե երկու անգամ ավելի շատ էներգիա:

Նախկինում EAST ռեակտորը հաջողությամբ է իրականացրել գիտափորձը, որի ժամանակ էլեկտրոններից կազմված պլազման տաքացվել է մինչև 70 միլիոն աստիճան և ռեակցիան տևել է 1056 վայրկյան: Մեկ այլ փորձի ժամանակ էլեկտրոններից կազմված պլազման տաքացվել է մինչև 160 միլիոն աստիճան, իսկ ռեակցիան տևել է 20 վայրկյան:

Սակայն իոնային պլազմայի տաքացման ռեկորդը դեռ պատկանում է Հարավային Կորեայում տեղակայված KSTAR ռեակտորին, որը կարողացել է 100 միլիոն աստիճան տաքացված իոնային պլազման պահել 30 վայրկյան։

 

Հետաքրքիր է, որ չինացիները երկրում չեն գործարկել ջերմամիջուկային ռեակտորի այսպիսի մասշտաբային նախագիծ, ինչպիսին ITER-ն է, թեև մասնակցում են դրան։ Միևնույն ժամանակ, արդեն ընդհանուր առմամբ պատրաստ է 2 ԳՎտ հզորությամբ CFETR (China Fusion Engineering Test Reactor) ջերմամիջուկային էլեկտրակայանի նախագիծը, որը նախատեսվում է գործարկել 2035 թ․։ Այդ ժամանակ եվրոպական նմանատիպ նախագիծը՝ DEMO-ն, դեռ նախագծման փուլում կլինի:

Չինաստանը կարծես պատրաստվում է աշխարհում լինել առաջինը, որը կգործարկի «արհեստական ​​արև», ինչը բազմաթիվ փորձագետներ շատ ու շատ հավակնոտ նպատակ են համարում: