SpaceX ընկերության Starship տիեզերանավն այսօր՝ ապրիլի 17-ին, կիրականացնի իր առաջին ուղեծրային թռիչքը։ Ընկերությունն ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից (FAA) արդեն ստացել է թույլտվություն, որպեսզի իրականացնի նախաթռիչքային նախապատրաստումը և արձակումը բազմակի օգտագործման տիեզերական համակարգի, որը բաղկացած է Starship-ից (Ship 24-ի նախատիպ) և Super Heavy հրթիռից (Booster 7-ի նախատիպ):
Արձակումը, ինչպես տեղեկացնում է Space.com-ը, տեղի կունենա Տեխասի Starbase տիեզերակայանից տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին (Երևանի ժամանակով 16:00-ին): Ընկերությունը հրթիռը արձակելու համար կունենա 150 րոպեանոց պատուհան։
Հրթիռի արձակումը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ ստորև։
Տիեզերանավի արձակման նախօրեին SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter Space-ում կիսվել է արձակումից իր ակնկալիքներով, մտահոգություններով և խոսել ընդհանրապես Starship ծրագրի մասին։ Քննարկումը բաց է եղել միայն նրա Twitter Space-ի բաժանորդների համար, իսկ մի քանի լրագրողներ կարողացել են հարցեր տալ:
Նրանց թվում է եղել Օսթին Դեզիստոն Spaceexplored.com-ից: Ավելի ուշ նա միլիարդատիրոջից մի քանի մեջբերում է արել Starship-ի առաջին ուղեծրային մեկնարկի այսօրվա փորձի վերաբերյալ նրա ակնկալիքների մասին։
«Հավանաբար, հաջողության չենք հասնի։ Եթե հաջողությունը նշանակում է ուղեծիր դուրս գալը»,- խոստովանել է Մասկը:
Նա հավելել է, որ հրթիռն ունի 33 հսկայական շարժիչ, «և եթե դրանցից թեկուզ մեկը խափանվի, ապա հրթիռը նման կլինի նռնակներով լի արկղի։ Շատ մեծ նռնակներով»։
Իսկ երբ NASA-ի տիեզերագնաց Քրիս Բերգինին Մասկին հարցրել է, թե ինչ նկատի ունի հաջողություն ասելով, Մասկը պատասխանել է, որ «այն ամենը, ինչի հետևանքով արձակման հարթակը չի պայթի, հաղթանակ կհամարվի»:
«Հրթիռն իսկապես կարող է արձակվել: Բայց մենք շատ զգույշ ենք լինելու, և եթե մեզ անհանգստացնող բան տեսնենք, արձակումը կհետաձգենք։ Դա նման չէ գնացքի, որը դուրս է գալիս կայարանից ուղիղ ժամը 9:03-ին կամ նման մի բան»,- ասել է Մասկը։
Նշենք, որ եթե հրթիռի և տիեզերանավի այսօրվա արձակումը ձախողվի, հաջորդ փորձը, ամենայն հավանականությամբ, կլինի մայիսին՝ Booster 9-ի և Ship 26-ի մասնակցությամբ։ Եթե, իհարկե, այսօրվա փորձից հետո արձակման հարթակն ամբողջական մնա և չվնասվի։