G7-ի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել աջակցությունն Ուկրաինային եւ պահպանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ համագործակցել սահմանափակիչ միջոցների վերահսկողությունը խստացնելու հարցում։ Այս մասին նրանք հայտարարել են Ուկրաինայի շուրջ իրավիճակին նվիրված նստաշրջանում՝ «յոթնյակի» արտգործնախարարների հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենում Կարուիձավայում (Նագանոյի պրեֆեկտուրա)։
«G7-ը հաստատել է, որ կպահպանի կոշտ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ կշարունակի հզոր աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- նշվել է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրությունում։ Բացի այդ, նրանք «պայմանավորվել են համագործակցել պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում եւ հակազդել երրորդ երկրների կողմից Ռուսաստան զենքի մատակարարումներին»։
Այս առնչությամբ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին նշել է «համագործակցության ամրապնդման կարեւորությունը այդ թվում Գլոբալ Հարավի երկրների հետ»։ Այդ զարգացող պետությունները չեն միանում Մոսկվայի հանդեպ պատժիչ քաղաքականությանը՝ չեզոք դիրք գրավելով։
G7-ի արտաքին գործերի նախարարները նաեւ դատապարտել են Ռուսաստանի՝ Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենք տեղակայելու որոշումը։ Հայասին կարծիք է հայտնել, որ այդ որոշումը «կհանգեցնի իրավիճակի հետագա թեժացման»։