Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Արցախի Հանրապետության իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու մեկ շաբաթ առաջ արված առաջարկին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Բաբայանը վստահ է, որ ադրբեջանական կողմը ստացել է առաջարկը։
«Առաջարկն իրենք վայրկյանապես կարող են ստանալ, որովհետեւ դրա մասին տեղեկացվել են նաեւ ռուս խաղաղապահաների միջոցով եւ լրատվամիջոցներով։ Պետք է սպասենք պատասխանին, բայց, իհարկե, մեծ է հավանականությունը, որ որեւէ բան էլ չեն արձագանքի։ Մենք բացառապես պետք է քննարկենք հումանիտար հարցեր, որոնց լուծումը շատ հրատապ է Արցախում»,- նշեց Բաբայանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։