Ես Արցախի ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասածն ուրիշ բան է: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ 5 խմբակցությունների հայտարարությանը, որտեղ նրանք անընդունելի էին համարել Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ՀՀ պաշտոնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրավունքից:

Հարցին, թե Արցախում իրեն սխա՞լ են հասկացել, Փաշինյանն արձագանքեց. «Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել, բայց իմ կարծիքով՝ մեծ հաշվով, սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալին, թե փաստարկների դաշտում ինչ հակափաստարկ է հնչել: Ես ասում եմ՝ եկեք գնահատականները մի պահ թողնենք մի կողմ, որովհետև այն, ինչ դուք ասում եք, գնահատականների մեջ որևէ նորություն չկա. սկսած՝ որ դավաճանություն է, սկսած՝ որ դավաճանություն չի. եկեք բովանդակության մեջ խորանանք և տեսնենք` ինչ է նշանակում այդ բովանդակությունը»:


NEWS.am-ի հարցին, թե դուք համաձայնե՞լ եք, որ տարածքային ամբողջականությունը ենթադրում է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում, վարչապետը պատասխանեց. «Իմ զեկույցում հստակ արձանագրել եմ հետևյալը, որ 2007 թվի արձանագրումը՝ Մադրիդյան սկզբունքների ինքնորոշման ձևակերպումը, տրված է այնպես, որ ինքնորոշման իրավունքը, և նախկին հարցուպատասխանի ժամանակ էլ ասել եմ` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Դա է պրոբլեմը:

Եվ ես ասում էի, որ մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ ցանկալի իրականությունն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Մենք այս իրադրության հետ պետք է առերեսվենք: Ես մեր հարգելի ընդդիմադիրներին ասում եմ՝ քննադատեք ինձ սրա համար, ինչու չեք քննադատում սրա համար, որովհետեւ դուք էլ եք նույն սխալը գործել»: