Հայտնի վնասվածքից հետո ծանրամարտ վերադարձել եմ մի նպատակով, որ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճեմ: Այս պահին ինձ գոհացնում է արծաթե մեդալը, որը նվիրում եմ որդուս:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը:


Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 374 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 178 կգ արդյունքով սահմանեց մեծահասակների Եվրոպայի ռեկորդ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Անդրանիկ Կարապետյանի մրցելույթին տրիբունաներից հետեւում էր նաեւ նրա կինը որդու հետ: Արծաթե մեդալով պարգեւատրվելուց հետո 27-ամյա մարզիկը մոտեցավ ընտանիքին եւ գրկեց կրտսեր Կարապետյանին:

«Տպավորություններս շատ լավ են: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում: Հաճելի է, որ Եվրոպայի առաջնությունն անցնում է Հայաստանում: Ամեն ինչ շատ լավ կազմակերպված է: Թիմով ամեն ինչ անում ենք, որ լավ հանդես գանք: Կարծում եմ՝ իմ առումով ստացվեց: Գոհ եմ մրցելույթիցս:

Երկամարտում ցույց տվեցի 374 կգ արդյունք: Յուրաքանչյուր մարզիկ պայքարում է չեմպիոնության համար: Այս պահին երկրորդ տեղն ինձ գոհացնում է: Ծնկի լուրջ վնասվածք ունեի: Նախորդ տարի աշխարհի առաջնությունում B խմբում մասնակցեցի: Այնտեղ լավ հանդես չեկա: Բոլորը մտածում էին, որ կարիերաս ավարտելու ժամանակն է: Հաշվի չեն առնում, որ վնասվածքներն են խանգարում: Հիմա վնասվածք չկա, արդյունքը կա:

Իմ նպատակը Օլիմպիական խաղերն են: Հայտնի վնասվածքից հետո ծանրամարտ վերադարձա մի նպատակով, որ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճեմ: Հուսով եմ կլինի:

Այս հաղթանակս նվիրված է որդուս: Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ՝ 196 կգ-ին, ծանրաձողը բռնելիս լսեցի որդուս ձայնը՝ «պապա»: Ինքս իմ մեջ այդ պահին խոստացա, որ այդ մոտեցումը նրա համար եմ անելու եւ ստացվեց»,- ասաց Անդրանիկ Կարապետյանը:

Բրոնզե մեդալակիր դարձավ մոլդովացի Մարին Ռոբուն երկամարտի 364 կգ արդյունքով (166+201):

Սա Հայաստանի երկամարտի 4-րդ մեդալն է Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում անցկացվող ԵԱ-ում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Երկամարտի 320 կգ արդյունքով նա նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկիները: Ապրիլի 19-ին բրոնզե մեդալակիր է դարձել 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով: Ապրիլի 16-ին էլ կանանց հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով: