Իրականացվել են Մեծամորի ԱԷԿ-ի վերազինման լայնածավալ աշխատանքներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում «2022 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարը նշեց, որ դրա շնորհիվ շահագործման ժամկետը զգալիորեն երկարացվել է։


«Հիմա մտնում ենք երկրորդ փուլ։ Մենք պետք է կատարենք եւս մի քանի աշխատանք։ Այս ամենը թույլ կտա ավելացնել ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը։ Աշխատանքները նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Դրանք կտեւեն 2 տարի»,-ասաց Սանոսյանը։

Ընդ որում, նա հիշեցրեց նոր ատոմակայանի կառուցման ծրագրերի մասին։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դա բավականին բարդ որոշում է։ Ամեն ինչ հենվում է ֆինանսների, քաղաքականության եւ էներգետիկայի վրա, նշեց նա։

«Ժամանակ կպահանջվի։ Այսինքն, կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք պետք է հաշվի առնել։ Բարդությունն այն է, որ նոր էլեկտրակայանները կառուցվում են 60+40 տարի ժամկետով։ Ստացվում է, որ դրանք պետք է ծառայեն առնվազն 100 տարի։ Հիմա մենք ճիշտ որոշումներ կայացնելու կարիք ունենք»,- հայտարարեց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ նոր ատոմակայանը պետք է «ճիշտ տեղավորվի» Հայաստանի էներգետիկ համակարգում։ Նախարարը պարզաբանեց՝ Հանրապետությունում այսօրվա դրությամբ սպառվում է առավելագույնը 1200 ՄՎտ։ Շատ ատոմակայաններ ունեն հենց այդպիսի հզորություններ։

«Ստացվում է, որ եթե մենք նման հզորությամբ ատոմակայան կառուցենք, դա մեզ կարող է բավականացնել։ Այն գործնականում կապահովի մեր էլեկտրաէներգիայի պահանջարկի 100 տոկոսը։ Բայց լավ չէ եւ սխալ է, երբ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը կախված է մեկ ատոմակայանի աշխատանքից։ Մեծ հնարավորություններով նոր ատոմակայան կառուցելն ու դրա ներուժից չօգտվելը նույնպես սխալ է։ Դրա համար էլ բոլոր լուծումներն այդքան բարդ են»,-ասաց Սանոսյանը։