Ադրբեջանում հայտարարում են Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մտադրության մասին: Հիշեցնենք, որ Նիկոլյանը Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ բեմ էր բարձրացել, դրոշակակրի ձեռքից վերցրել Ադրբեջանի դրոշը (այդ երկրի պատվիրակությունը մասնակցում էր առաջնությանը) եւ ի նշան Ադրբեջանի հանցավոր գործունեության դեմ բողոքի՝ այրել դրոշը, որից հետո հեռացել էր: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր հայտարարել է, թե, իբր, Նիկոլյանի նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

«Փաստի առթիվ գլխավոր դատախազության քննչական վարչությունում շարունակվում է քրեական գործի քննությունը: Հետաքննություն անցկացնելու նպատակով իրավական օգնության մասին հարցումներ են ուղարկվել օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններին՝ Արամ Նիկոլյանի նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես նաեւ պետական սահմանը հատելու դեպքում նրան ձերբակալելու եւ Ադրբեջանին արտահանձնելու խնդրանքով»,-մեջբերում են ԶԼՄ-ները։


Հիշեցնենք, որ միջազգային հետախուզումն իրականացվում է կամ Ինտերպոլի միջոցով կամ երկկողմ հարաբերությունների մակարդակով։ Վստահ կարելի է պնդել, որ Ինտերպոլը նման հարցում չի ընդունի։ Այսպիսով, Ադրբեջանը ցանկալին իրականության տեղ է ներկայացնում՝ պնդելով, թե Նիկոլյանի նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարված»։ Առավելագույնը, ինչի վրա կարող է հույս դնել Բաքուն, Նիկոլյանի ապօրինի ձերբակալությունն է ինչ-որ տեղ Բելառուսում, ինչպես դա տեղի ունեցավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ։