Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած մեր զինվորներին: Հաջորդ գլխավոր նպատակս աշխարհի առաջնությունն է եւ օլիմպիական վարկանիշը, որի համար կփոխեմ քաշային կարգս:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:


Եվրոպայի եռակի չեմպիոնը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ Զագրեբից վերադարձավ հայրենիք: Արսեն Հարությունյանին եւ Եվրոպայի նորընծա չեմպիոնին չեմպիոնական դիմավորման արժանացրին «Զվարթնոց» օդանավակայանում: Երկրպագուները, հարազատներն ու ըմբշամարտի սիրահարները զուռնա-դհոլով, երգ ու պարով, աղուհացով դիմավորեցին չեմպիոններին:

«Երջանիկ եմ իմ հաղթանակով: Այս անգամ եւս աստղերն իմ օգտին էին դասավորվել, եւ ես դարձա Եվրոպայի եռակի չեմպիոն: Առաջին անգամ երբ դարձա Եվրոպայի չեմպիոն, շատ ուրախ էի, զգացողություններս այլ էին, առաջինն էր: Երրորդ չեմպիոնությունը հույզերի առումով չզիջեց առաջին: Շատ եմ ուրախացել այս հաղթանակով: Ինձ համար կարեւոր էր, որ երրորդ անգամ կարողացա նվաճել չեմպիոնի տիտղոսը: Ես ինքս ինձ ապացուցելու բան ունեի՝ ինչպես ինձ, այնպես էլ բոլորին: Եվ այդ խնդիրը դրել էի իմ առջեւ հենց եզրափակիչ գոտեմարտում:

Շատ դժվար է չեմպիոնի տիտղոսը պաշտպանել: Յուրաքանչյուր չեմպիոնություն օր ու գիշեր մարզումներ, մարզիկի ռեժիմ է պահանջում: Այս տարիների ընթացքում ինձ մոտ ստացվեց այդ ռեժիմը պահել, որի արդյունքում երրորդ անգամ նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Ինձ համար ամենակարեւոր եւ բարդ գոտեմարտը եզրափակիչն էր, քանի որ մրցակիցս աշխարհի գործող չեմպիոնն էր 57 կգ քաշային կարգում: Այս Եվրոպայի առաջնությունն իմ վերջին մրցաշարն էր 61 կգ քաշային կարգում: Կփոխեմ քաշս օլիմպիական, հանդես կգամ 57 կգ քաշային կարգում: Այս տարվա աշխարհի առաջնությունում, որն օլիմպիական վարկանիշային է լինելու եւ մասնակցելու եմ 57 կգ քաշային կարգում: Այս առումով ինձ համար շատ կարեւոր էր, որ այդ քաշային կարգի գործող աշխարհի չեմպիոնին հաղթեմ: Ես շատ էի ցանկանում նրան հաղթել, որպեսզի բոլորն իմանան՝ ես նույնպես այդ քաշի համար շատ ուժեղ եմ:

Հաջորդ գլխավոր նպատակս աշխարհի առաջնությունն է: Ամեն ինչ անելու եմ, լավ պատրաստվեմ աշխարհի առաջնությունում շատ լավ հանդես գալու համար:

Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած մեր զինվորներին»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում Արսեն Հարությունյանը երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

61 կգ քաշային կարգի եզրափակիչում 5:2 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, ալբանացի Զելիմխան Աբակարովին: