Հայաստանի 4 մարմնամարզիկ դուրս է եկել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի եզրափակիչ:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիերում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում ապրիլի 27-ին տեղի ունեցան օղակների եւ նժույգ թափեր վարժությունների որակավորման փուլերը:


Օղակների վարժությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից եզրափակիչ դուրս եկան Արթուր Դավթյանն ու Արթու Ավետիսյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը որակավորման փուլը հաղթահարեց 14.266 միավորով, Արթուր Ավետիսյանը՝ 14.633 միավորով:

Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Մերդինյանը որակավորման փուլում վաստակել է 14.466 միավոր, Գագիկ Խաչիկյանը՝ 14.300 միավոր:

Ապրիլի 28-ին Արթուր Դավթանը կմասնակցի հենացատկի վարժության որակավորման փուլին:

Առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորորդ փուլի մրցաշարում Հայաստանը մասնակցում է 4 մարմնամարզիկով՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը։

Մարզիչներն են Հայկ Նազարյանը եւ Աշոտ Գասպարյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական հանձնաժողովում է:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը կավարտվի ապրիլի 30-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը անցած երեք փուլերից մասնակցել է միայն երկուսում՝ Կոտբուսում եւ Դոհայում: Երրորդ փուլը տեղի է ունեցել Բաքվում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել: Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Կոտբուսում եւ Դոհայում հենացատկի վարժությունում նվաճել է ոսկե մեդալներ:

Կոտբուսում արծաթե մեդալակիր է դարձել Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), բրոնզե մեդալակիր՝ Արթուր Ավետսիյան (օղակներ):