Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Ընդ որում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, բայց մեր կողմից գտնվում է հսկողության տակ»,-ասաց նա:


Հարցին, թե ինչպիսին է իրադրությունը Տեղ գյուղի հատվածում, արդյոք հնարավոր է եղել ադրբեջանցիներին հետ մղել մեր տարածքներից, ՔԳՇ պետը պատասխանեց. «Տեղի ուղղությամբ, այո, հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերը արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաեւ ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք, օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ էլ ավելի բարելավելու հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաեւ առավելություն ստանձնելու ուղղությամբ: Մյուս հատվածներում զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են»: