Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը Հռոմի «Լացիոյի» նկատմամբ Իտալիայի առաջնության 32-րդ տուրի խաղում եւ խոսել իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի նպատակների մասին։

«Հենց սկսզբից վերահսկում էինք խաղը, երկու-երեք լավ հնարավորություն ստեղծեցինք, բայց չկարողացանք գոլի վերածել, իսկ մրցակցին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Մենք չհանձնվեցինք եւ պայքարեցինք մինչեւ վերջ։ Մեր բոլոր փոփոխություններն արդյունավետ եղան, եւ նրանց շնորհիվ հասանք հաղթանակի։


Մեր նպատակն է ցուցադրել առավելագույնը եւ հասնել հնարավոր լավագույն արդյունքին՝ տեղ գրավել լավագույն քառյակում։ Ծանր ամիս է սպասվում մինչեւ առաջնության ավարտը, բայց մենք պատրաստ ենք այդ փորձությանը։

Հույս ունենք, որ այս հաղթանակը մեզ ավելի մեծ հավատ կներշնչի սեփական ուժերի նկատմամբ։

Մենք, իսկապես, լավ կազմ ունենք, ամեն խաղացող իր առավելագույնն է ներդնում թիմային հաջողության համար»,- ասել է Մխիթարյանը «Ինտերի» մամուլի ծառայությանը։

32 տուրից հետո «Ինտերը» 57 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունեն հաջորդ երկու տեղերում գտնվող «Միլանն» ու «Ռոման»։