Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցորենի գործարքի երկարացման հույս է հայտնել մայիսի 18-ից հետո, երբ կսպառվի նրա գործողության ժամկետը։ Այս մասին նա տեղեկացրել է կիրակի, ТRТ Turk հեռուստաալիքի եթերում։
«Մենք օգտագործել ենք նպաստավոր մթնոլորտը, որն ստեղծվել էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարներ [Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի] միջեւ, ե՛ւ գերիների փոխանակման, ե՛ւ ցորենի միջանցքի կազմակերպման հարցում։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, հույս ունենք, որ գործարքը կերկարացվի»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Ցորենի գործարքի երկարացման հարցը քննարկվել է անցած շաբաթ, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուրբաթ տեղեկացրել է, որ ստամբուլյան պայմանավորվածությունները չեն կատարվում ՌԴ-ին վերաբերող պայմանների մասով, եւ այդ առումով գործարքի երկարացման հեռանկարներն «այնքան էլ լավը չեն»։ Hurriyet թերթի տվյալներով՝ թուրքական կողմն առաջիկա օրերին կքննարկի խնդիրը ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։