«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը սպասում է Արցախի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատասխանին, որպեսզի կարողանա հանձնաժողովի նիստ հրավիրել, լսել նախկին պաշտոնյային: Ասել է թե՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով, բայց օրն ու ժամը պետք է իրեն հարմարեցնի։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը սպասում է Ջալալ Հարությունյանի պատասխանին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ նաեւ հանդիսանում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, առաջարկում է եւս մեկ անգամ երկարաձգել այդ հանձնաժողովի գործունեությունը: Համապատասխան նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, կքննարկվի այսօր մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում: Մասնավորապես, նա առաջարկում է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով:


Որպես հիմնավորում՝ նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին», այսինքն՝ վեց ամիս է մնացել հանձնաժողովի վերջնական արդյունքների համար:

Հիշեցնենք, որ միայն ՔՊ-ականներից կազմված այդ հանձնաժողովի իրական նպատակը պատերազմի հնարավոր հանգամանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում