Չինական «Չժուժուն» մարսագնացը, որը, հավանաբար, այլևս չի կարողանա շարունակել աշխատանքը դրա վրա կուտակված փոշու պատճառով, կարողացել է Մարսի ցածր լայնություններում հայտնաբերել հեղուկ ջրի առկայության մասին վկայող համեմատաբար թարմ հետքեր: Դա վկայում է, որ այդ տարածքները կարող են պոտենցիալ կերպով բնակեցված լինել: Ավելին, դա հակասում է նախկին ենթադրություններին, որ Մարսի վրա ջուրը կարող է գոյություն ունենալ միայն պինդ կամ գազային վիճակում։
Ինչպես տեղեկացնում է Scitechdaily.com-ը, բացահայտումն արվել է այն վայրի ավազաթմբերում հանքանյութերի մորֆոլոգիական առանձնահատկությունների ու կազմության վերլուծության շնորհիվ, որտեղ աշխատել է մարսագնացը: Հեղուկ ջրի առկայության ապացույցը հաստատել է ռովերից ստացված տվյալների վերլուծությունը, որը գնահատվել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի կողմից: Ուսումնասիրությանը մասնակցել են նաև ակադեմիայի այլ բաժիններ։ Արդյունքներն արդեն հրապարակվել են Science Advances ամսագրում։
Նախորդ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ նախկինում Մարսի վրա հսկայական քանակի ջուր է եղել, սակայն մթնոլորտի կորստին զուգահեռ փոխվել է մոլորակի կլիման։ Արդյունքում, շատ ցածր ճնշումը և այլ գործոնները հանգեցրել են նրան, որ այսօր Մարսի վրա հեղուկ ջրի գոյատևումը չափազանց դժվարացել է: Գիտնականների շրջանում տարածված է այն կարծիքը, որ ջուրը մոլորակի վրա կարող է գոյություն ունենալ միայն պինդ և գազային վիճակում։
Այնուամենայնիվ, Phoenix սարքի ռոբոտացված ձեռքի վրայի կաթիլները ցույց են տվել, որ աղի ջուրը կարող է հայտնվել մարսյան ամառվա ընթացքում մոլորակի բարձր լայնություններում, իսկ սիմուլյացիան ցույց է տվել, որ հեղուկ ջրի ի հայտ գալու կլիմայական պայմանները կարող են ժամանակավորապես առաջանալ Մարսի որոշ գոտիներում, թեև մինչև վերջերս մոլորակի ցածր լայնություններում հեղուկ ջրի գոյության մասին տեսանելի ապացույցներ չկային:
Տեղեկությունը համալրում են «Չժուժուն»-ի կատարած բացահայտումները։ Մարսն ուսումնասիրելու առաքելության շրջանակում մարսագնացը 2021-ի մայիսի 15-ին վայրէջք է կատարել մոլորակի մակերեսին՝ Ուտոպիայի հարթավայրում: Ռովերի տեսախցիկների և սենսորների օգնությամբ ուսումնասիրվել են վայրէջքի գոտում ավազաթմբերի տարբեր հատկություններ և դրանց կազմը։ Պարզվել է, որ ավազաթմբերի մակերևութային շերտը հարուստ է հիդրատացված սուլֆատներով, հիդրատացված սիլիցիումով, երկաթի օքսիդ պարունակող հանքանյութերով և, հնարավոր է, քլորիդներով:
Գիտնականների կարծիքով՝ ավազաթմբերի մակերեսի այս բնութագրերը կապված են հեղուկ աղի ջրի առկայության հետ, որն առաջացել է ավազաթմբերի՝ աղ պարունակող մակերեսների վրա թափված սառույցի կամ ձյան հալչելու հետևանքով։ Մասնավորապես, ավազաթմբերի աղի շնորհիվ ջուրը ցածր ջերմաստիճաններում պահպանել է հեղուկ վիճակը, իսկ չորանալուց հետո առաջացել են մասնիկներ/հանքային նյութերի կեղևներ, որոնք հետագայում ճաքճքել են։ Ջուրը նաև այլ հետքեր է թողել ավազաթմբերի մակերեսին, որոնց տարիքը գնահատվում է 0,4-1,4 միլիոն տարի։ Գիտնականները ենթադրում են, որ բևեռային սառցե շերտից ջրի գոլորշու տեղափոխումը ժամանակին հանգեցրել է ավազաթմբերի վրա հեղուկ ջրի հետքերի ի հայտ գալուն։