Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35- ամյա հարձակվող Լիոնել Մեսին թիմի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեից կամ մարզական տնօրեն Լուիշ Կամպուշից թույլտվություն չի ստացել Սաուդյան Արաբիա մեկնելու հարցում, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Լորիանին» 1:3 հաշվով պարտվելուց հետո Մեսին գործնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, թեեւ հաջորդ օրը թիմը մարզում է ունեցել։ Մեսին Սաուդյան Արաբիայի տուրիստական գերատեսչության դեսպանն է եւ արդեն երկրորդ անգամ է այդ նպատակով այցելում այդ երկիր։


Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ համաձայնության կողմերը չեն հասել։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին փարիզյան թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։