Ադրբեջանը շարունակում է սպառնալիքները, Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրում, հռետորաբանությունն է կոշտացնում, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է կիրառում. այս պայմաններում ինչքանո՞վ է հնարավոր գնալ խաղաղության: Արդյոք Ադրբեջանի իշխանության և ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ չպե՞տք է կիրառել: Այս հարցերը այսօր՝ մայիսի 4-ին, Պրահայում Հայաստանի եւ Չեխիայի վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցրեց հայ լրագրողը:

Ի պատասխան Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան ասաց. «Չեխիան կարող է եւ կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման:


Իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է խախտում պայմանավորվածությունները: Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է հասնել տարածաշրջանում կայունության, տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի իրավունքները, երաշխավորել հայերի իրավունքները:Դա կարևոր հանգամանք է:

Մենք կոնկրետ քայլեր այս ուղղությամբ արել ենք, Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիտորինգի առաքելության տեղակայմանը, չեխ 7 փորձագետ կա առաքելության կազմում»:

Չեխիայի վարչապետը վերահաստատեց, որ պատրաստ են մասնակցել այլ աշխատանքների, որոնք կնպաստեն տևական խաղաղությանը. «Հայաստանի վարչապետը մանրամասնորեն տեղեկացրեց իր քայլերի մասին, եւ թե ինչպես է ինքը տեսնում իրավիճակը, ինչպես են ընթանում բանակցությունները: Սա շատ արժեքավոր է ինձ համար, քանի որ ես յուրահատուկ հնարավորություն ունեմ այդ տեղեկություններն ու փորձառությունը փոխանցել իմ եվրոպացի գործընկերներին, եւ դրա հիման վրա մենք կարող ենք դիտարկել ու պարզել, թե ինչ քայլեր պատշաճ կլինեն եւ ինչ քայլերով ԵՄ-ն կարող է աջակցել մշտական ու տեւական խաղաղության ջանքերին տարածաշրջանում»,-ասաց Չեխիայի վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նկատեց, որ այն, ինչ ասաց լրագրողը, բացարձակ ճշմարտություն է. «Ձեր հարցը և բովանդակությունն ընդգծում են խաղաղության անհրաժեշտությունը, որովհետև մի կողմից կարելի է ասել, թե այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն, բայց մյուս կողմից՝ դրանից ելնելով՝ կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: