Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով այն հարցին, որ Բաքուն հրապարակային հայտարարություններով Հայաստանից պահանջում է գյուղեր, ինչպես նաեւ՝ արտատարածքային միջանցք, ինչպիսի՞ն է ԵՄ դիրքորոշումը այն պահանջների նկատմամբ, որոնք հակասում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

«Կարծում եմ, որ կոնկրետ գյուղերի վերաբերյալ Հայաստանում նույնպես պատկերացումներ կան, թե ինչպիսին է դրանց կարգավիճակը: Սահմանազատման գործընթացում նման հարցերը պետք է անխուսափելիորեն լուծվեն: Բայց ինչ վերաբերում է տարանցիկ երթուղիների հարցին, եւ, մասնավորապես, ձեր նշած՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարանցիկ կապին, այդպիսի երթուղու կամ նման երկաթուղի Հայաստանի տարածքում լինելու պարագայում այն պետք է գործի Հայաստանի օրենքներով եւ կանոնակարգերով: Այսպիսի լուծում ունենալը բնական է: Ես վստահ եմ, որ բավականին հեշտ է, կամ պետք է հեշտ լինի կարողանալ առաջ շարժվել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանով անցնող տարանցիկ կապերի համաձայնեցման հարցում: Կարծում եմ, որ սա շահեկան իրավիճակ է, առկա է շահեկան արդյունք բոլոր շահագրգիռ կողմերի համար: Եվ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք բոլոր կողմերից որոշակի բարի կամք դրսեւորման դեպքում իրական առաջընթաց գրանցել այս ոլորտում, քանի որ ես կարծում եմ, որ դա բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի շահերից, եթե մենք այդ պարագայում ունենանք երկաթուղի, որը Ադրբեջանից անցնում է Հայաստանով դեպի Նախիջեւան, իսկ Նախիջեւանից շարունակվում է դեպի Գյումրի եւ, ի վերջո, դեպի Կարս: Եթե այն լինի Հայաստանի վերահսկողության ներքո»,- ասել է Տոյվո Կլաարը:


Կլաարը ընդգծել է, որ ոգեւորիչ է այս շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպումը. «Այս հանդիպմանն ընդառաջ՝ մենք շատ սերտ կապի մեջ ենք եղել մեր ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի համոզվենք, որ մեր դիրքորոշումները, մեր տեսակետները համընկնում են Վաշինգտոնում եւ Բրյուսելում: Եվ այս առումով մենք համամիտ ենք խաղաղ գործընթացն առաջ տանելու եւ իրականում առաջընթացի հասնելու ընդհանուր ձգտման բոլոր առանցքային ոլորտներում, որոնցից մեկն, անկասկած, սահմանների սահմանազատումն է, ինչպես նաեւ ուժերրի հեռացումը: Սրանք բոլորն էլ քննարկվող հարցերի կարեւոր մասն են կազմում: Եվ նորից՝ մենք մեծապես աջակցում ենք ամերիկյան մոտեցումը, եւ ակնկալում ենք նաեւ, որ եվրոպական մակարդակով շատ մոտ ապագայում կունենանք նոր նախաձեռնություններ»:

Հարցին՝ ինչո՞ւ է Բաքուն անտեսում բանաձեւերը առանց հետեւանքների, եւ ինչո՞ւ Բաքուն դրանք այնքան լուրջ չի ընդունում, որ գործի դրանց համապատասխան, Կլաարը պատասխանել է. «Կարծում եմ՝ սա հակամարտություն է, որը տեւել է ավելի քան 30 տարի, եւ այն շատ կողմեր ունի: Կարեւորն այն է, որ մենք կարողանանք առաջ շարժվել բոլոր ուղղություններով: Մեզ համար կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լինեն բանակցությունների սեղանի շուրջ, որ մենք կարողանանք առաջ մղել բոլոր այն ուղղությունները, որոնք պետք է հասցեագրվեն, եւ որ մենք ստանանք արդյունք, որն իրականում, ի վերջո, երաշխավորելու է անվտանգ ապագա Հարավային Կովկասի համար: Այս առումով ԵՄ-ն շատ հստակ ձեւակերպել է իր դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ: Այժմ կարեւոր է համոզվել, որ առաջընթաց ունենանք բանակցային գործընթացի տարբեր ասպեկտներում»:

Անդրադառնալով հարցին, որ արդեն 5 ամիս է՝ առկա է շրջափակում, հումանիտար ճգնաժամ, պարենի եւ դեղորայքի պակաս Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ գազի մատակարարման պարբերական ընդհատումներ, ինչի՞ է ԵՄ-ն պատրաստ, ըստ էության, գնալ երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, Կլաարն ասել է. «Առաջին հերթին, կարծում եմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք տերմինաբանության օգտագործման հարցում: Երկրորդ՝ ԵՄ-ն շատ հստակ իր հայտարարություններում ասել է, որ պետք է ապահովել Ղարաբացում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Եվ դա նշանակում է, որ այնտեղ ապրող մարդիկ պետք է կարողանան ապրել ապահով, անվտանգ, իրենց լեզվով, իրենց մշակույթով, իրենց կրոնով, այն ամենով, ինչն էական է, պաշտպանված, եւ, իհարկե, դա ներառում է նաեւ արժանապատիվ ապրելու հնարավորությունը: Սա նշանակում է, որ մենք ունենք նաեւ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, եւ կարեւոր է, որ այն իրականացվի: Եվ, ըստ էության, ԵՄ-ն շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ այն իրավիճակը, որ ունեինք մինչեւ դեկտեմբեր, երբ մարդիկ կարողանում էին ազատ տեղաշարժվել, եւ տարանցումը հնարավոր էր ազատ իրականացնել, որ այդ իրավիճակը պետք է վերականգնվի»:

Հարցին՝ արդյո՞ք առկա է որեւէ միջազգային մեխանիզմի առաջարկ, որը կապահովի հայերի իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, Կլաարն ասել է. «Սրանք շրջանառվող կարեւոր գաղափարներ են այն մասին, թե ինչի կարող ենք հասնել բանակցային գործընթացում՝ թե՛ Երեւանի եւ Բաքվի, թե՛ Բաքվի եւ Ստեփանակերտի բանակցությունների տեսանկյունից: Եվ այս տարբեր ուղիները պետք է սկսեն արդյունքների հանգեցնել: Եվ հենց սա է, կրկին, այն պատճառը, թե ինչու ենք մենք այդքան մղում գործընթացի ակտիվացման, որը, ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում որոշակիորեն լճացել է: Եվ դա լավ չէ: Եվ հենց այդ պատճառով էլ մենք կարծում ենք, որ պետք է ամեն ջան գործադրել հանդիպումների եւ քննարկումների շատ ավելի ինտենսիվ փուլ անցկացնելու համար, որպեսզի հասնենք արդյունքների»:

Հարցին՝ եթե իրավիճակը չփոխվի, չնայած այն բոլոր ջանքերին, որ գործադրում են Վաշինգտոնը, Բրյուսելը, հետեւանքներ կլինե՞ն այն կողմի համար, որը չի ենթարկվում, Կլաարը պատասխանել է. «Նախ եւ առաջ՝ ես իսկապես հավատում եմ, որ մենք բոլորս աշխատում ենք դրական արդյունքներ ունենալու համար»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Լաչինի միջանցքը դեռ արգելափակված, ավելին՝ այնտեղ անցակետ է տեղադրված, Կլաարն ասել է, որ հենց այդ պատճառով էլ կարիք կա գործընթացի ակտիվացման. «Քանի որ համապարփակ լուծման, համապարփակ կարգավորման հրատապ անհրաժեշտություն կա: Եվ դա այն է, ինչին մենք՝ որպես ԵՄ, հանձնառու ենք, եւ ինչին հանձնառու են մեր անդամ երկրները: Ուստի ես չեմ ուզում սկսել վատ արդյունքների մասին ենթադրություններ անել: Ես չեմ ուզում ավելի շուտ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչի ենք մենք ուզում հասնել եւ ինչի կարող ենք հասնել, այն է՝ համապարփակ կարգավորման, որը կներառի ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատում, հաղորդակցությունների բացում եւ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքներ»:

Դիտարկմանը, որ Բաքուն չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, անտեսել է միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը, բանաձեւեր եւ հայտարարությունները, եւ հարցին՝ ունենալով նման փորձառություն՝ ո՞րն է երաշխիքը, որ եթե նույնիսկ Բաքուն ստորագրի այս խաղաղության պայմանագիրը, նրանք նաեւ կհամաձայնեն եւ կհետեւեն դրան, Կլաարը պատասխանել է. «Համաձայնագրերը իրականացնելու համար են ստեղծված: Եվ սա տրամաբանական ենթադրություն է համաձայնագիր կնքող ցանկացած կողմի տեսանկյունից: Այսպիսով՝ դա այն է, ինչ մենք, բնականաբար, կանկնկալենք: Ստորագրվող ցանկացած պայմանագիր, համաձայնագիր պետք է իրականացվի»: