Պաշտոնյան էլ է մարդ, ինքն էլ է արժեք, և դա չի նշանակում, որ իրա վրա կարելի է թքել, ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպի վերաբերյալ հարցին, թե ինչպես է վերաբերում, երբ Հանրապետության երկրորդ պաշտոնյան թքում է մարդու վրա, որը իր կառավարությունը հայտարարել էր որպես բարձրագույն արժեք:

«Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է, այ, եթե ինքը լիներ աստված էդ սխալն իրան թույլ չէր տա», - ասաց վարչապետը:


Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նա Կասկադում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է կոչել, ինչից հետո Սիմոնյանը հրահանգել է թիկնապահներին բռնել իրեն եւ թքել է իր դեմքին:

Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը:

« «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:

Այս միջադեպի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողով:

Հանրային մեծ ճնշումից հետո, հինգ օր անց, ի վերջո, Սիմոնյանը ընդունել էր կատարվածը եւ ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից:

«Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որեւէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա»: