Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնել են վերականգնել Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը, որը դադարեցվել էր ավելի քան 10 տարի առաջ, կիրակի օրը հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը:
Նախարարներն այդ որոշումն ընդունել են Կահիրեում կազմակերպության կենտրոնակայանում մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայում ԱՊԼ գագաթաժողովի նախաշեմին կայացած հատուկ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիան ԱՊԼ վերադարձնելու օգտին առավել ակտիվ է հանդես եկել Սաուդյան Արաբիան, իսկ այդ նախաձեռնության հիմնական հակառակորդը Կատարն է: Այս երկու երկրներն էլ երկար տարիներ աջակցել են խմբավորումներին, որոնք զինված պայքար են մղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ։ Սաուդյան Արաբիան վերջին շրջանում աշխատում է Դամասկոսի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:
Սպասվում է, որ գագաթաժողովից առաջ տեղի կունենա ԱՊԼ արտահերթ հանդիպում։
Դամասկոսի անդամակցությունը ԱՊԼ-ին դադարեցվել էր 2011 թվականին, երբ արաբական շատ երկրներ հանդես եկան ի պաշտպանություն ապստամբների, որոնք ռազմական գործողություններ էին սկսել Սիրիայի կառավարական բանակի դեմ։