ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր Ս-400-ները փոխանցել Ուկրաինային։ Երկիրը հրաժարվել է այդ առաջարկից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Ս-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին՝ վերահսկողություն տրամադրեք։ Սա առաջարկ է, որն անդրադառնում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»,-ասել է Չավուշօղլուն Haberturk հեռուստաալիքին։


Նրա խոսքով՝ եթե Թուրքիան «զիջող լիներ», ապա Վաշինգտոնի հետ խնդիրներ չէր ունենա։ «Մեզ նույնիսկ առաջարկել են ուղարկել դրանք Ուկրաինա, մենք ասել ենք՝ չի կարելի։ Նման առաջարկներ եղել են»,-ասել է նա։

2017 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին 2,5 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել՝ եւս մեկ գնդի գնման տարբերակով։ 2019-ին Թուրքիային է հանձնվել Ս-400-ի առաջին գունդը։ Ի պատասխան զենքի գնման՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ։ Երկիրը նաեւ հեռացվել է F-35 կործանիչի արտադրության ծրագրից։