Հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած «բանդայի» գործով տուժող «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ըստ Բեզոյանի, եթե իրական գողերին բռնեին, ապա գողոնը կհայտնաբերվեր: Բայց այս գործը, որը քննվում է շուրջ 2 տարի, դեռ համարվում է չբացահայտված, քանի որ թալանված բնակարաններից տարված որեւէ իր գործում՝ որպես իրեղեն ապացույց, ըստ էության չկա:
«Օրինական երկրներում, երբ մարդուն բռնում են, քննում են, համոզվում են, որ հանցանքը նա է գործել, նոր դատապարտում են: Իսկ սրանց բռնել են ու ասում են, որ դուք պետք է վիզ վերցնեք: Սրանից հետո ի՞նչ սպասես այս երկրից»,-վրդովված նշեց Է. Բեզոյանը: Այս իրավիճակը եզակի է այն առումով, որ դատարանում տուժողներն ու ամբաստանյալները հավասարապես չեն հավատում իրականացված քննությանը, հարուցված քրգործին՝ այն համարելով շինծու: Ու ստացվում է, որ մեր երկրում քչերն են հավատում, որ մեծ շուքով վնասազերծված «բանդան» հենց այն խումբն էր, որը թալանում էր նախկին պաշտոնյաների բնակարանները՝ ուղեկցված դաժան ծեծով: Եվ ուրեմն որտե՞ղ է իրական «բանդան», ինչո՞ւ չի բացահայտվում...»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):