ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և անդրատլանտյան գործընկերությանն առնչվող հարցեր։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը գրել է իր թվիթերյան էջում։

«Հաճելի է խոսել Եվրոպայի խորհրդի նախագահի հետ։ Այսօր քննարկելու ենք Ուկրաինային աջակցության հարցը»,– գրել է նա։


Նա նշել է, որ ԵԽ նախագահի հետ քննարկել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և անդրատլանտյան գործընկերության հարցը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը եւս տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. «Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Միշելը վերահաստատել են ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԵՄ-ից հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մայիսի 14-ին Բրյուսելում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները վերջին անգամ կայացել են Վաշինգտոնում։

Նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին: