Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօրվա սադրանքը, նրա խոսքով, նպատակ ունի խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։


«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի ու պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով, Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրությունները մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են. նման տեղեկատվությունը, ըստ վարչապետի, հորինվում է իրադրությունը սրելու համար։

«Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու ու կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան հետին թվով լուրը հորինել է իրադրությունը սրելու համար, իսկ իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը», - նշեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: