Պահանջում ենք նվվեր ճանաչել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Այս մասին հայտարարություն են տարածել մի շրք ՀԿ-ներ:
Հայտարարությունում ասվում է. «2022 թվականի օգոստոսի 5-21-ը e-draft հարթակում օնլայն ձևաչափով քննարկվել է «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ կազմակերպությունները տվյալ նախագծի 4 տարբերակների վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում ներկայացրել են առաջարկություններ, ինչպես նաև հիշեցրել պատասխանատու գերատեսչություններին, որ ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը ենթակա են ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԵԳ)։ Վերջին՝ չորրորդ նախագծի վերաբերյալ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության առաջարկությունները, ի լրումն նախապես ներկայացված՝ մեկնաբանություններով աշխատանքային տարբերակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել վերջինիս հետ համաձայնեցված ժամկետում՝ 2022թ. օգոստոսի 26-ին, սակայն դրանք չեն հրապարակվել e-draft հարթակում տեղադրված տեղեկանքում, դրանց վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային լսումներ, չեն ներկայացվել դրանք չընդունելու պատճառները:
Հաշվի առնելով նախագծի հետագա առաջխաղացման մասին տեղեկատվության բացակայությունը, մեր խմբակցության անդամներից մեկի՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անունից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարին խնդրել ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված 5-օրյա ժամկետում տեղեկացնել, թե ինչ ընթացքում է նախագիծը, երբ են նախատեսվում ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացները և առնչվող հանրային քննարկումները: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ս.թ. մայիսի 8-ին ստացել ենք պատասխան, որ ռազմավարության փաթեթը չի ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի արձագանքել։
Զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացել ենք, որ ս.թ. մայիսի 6-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Մեկ շաբաթ այց, այսօր, մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստին ընդունվել է տվյալ փաստաթուղթը՝ հավանաբար զեկուցելով, որ անցել է համապատասխան քննարկումներ։
Հարկ ենք համարում հրապարակային շեշտել, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում են հիմնադրույթային փաստաթուղթ և, 14-րդ հոդվածի համաձայն, ենթակա են ռազմավարական էկոլոգիական գնահատման, ինչպես նաև դրա շրջանակում՝ հանրային քննարկումների համապատասխան շահագրգիռ շրջանակների հետ։
Շրջակա միջավայրին առնչվող ռազմավարական փաստաթղթերը հանրային քննարկման ենթակա են նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության և արդարադատության հասանելիության» (Օրհուս, 1998թ․) կոնվենցիայի համաձայն։ Արժե հիշել, որ տվյալ կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն արդեն իսկ բազմիցս է արձանագրել Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի դրույթների խախտումները։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում ՀՀ գործադիրին ապահովել տեղական և միջազգային օրենսդրության պատշաճ կիրարկումը։ Պահանջում ենք
ՀՀ կառավարությունից՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 38-ի 1-ին մասի համաձայն՝ Օրհուսի կոնվենցիային և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին հակասելու հիմքով անվավեր ճանաչել 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումը․
Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը և Շրջակա միջավայրի նախարարությանը՝ իրականացնել ՌԷԳ և կազմակերպել համապատասխան հանրային քննարկումներ քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերի, ներառյալ՝ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության մասնակցությամբ՝ պատշաճ հաշվի առնելով կարծիքները․
Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը՝ տալ պաշտոնական բացատրություն Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը ապօրինի եղանակով առաջ մղելու համար:
ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներ
Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Օլեգ Դուլգարյան, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ
Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Սուրեն Ներսեսյան, Երևանի պետական համալսարան
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն