«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ լծվել են ակադեմիական քաղաքը կյանքի կոչելու գործին:
Ըստ այդմ, Արայիկ Հարությունյանը ներքին կարգով նամակներ է ուղարկել Հայաստանում գործող բոլոր կրթական հաստատություններին, որպեսզի վերջիններս որոշ ժամանակով դադարեցնեն այժմ իրականացվող մի քանի ծրագրերը եւ զբաղվեն ակադեմիական քաղաքի աշխատանքներով: Այսինքն՝ իշխանությունների գերնպատակն այս պահին կրթության ոլորտում ակադեմիական քաղաքի ստեղծումն է:
Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ կրթական ոլորտում կյանքը կանգնեցրել են ու զբաղվում են հիմնականում ակադեմիական քաղաքի ստեղծման հարցով: Այժմ միայն դիմորդների ընդունելությունն է ակտիվ ընթանում, սակայն մյուս ուղղություններով ոչինչ չի արվում: Կարող ենք ասել,որ մի քանի բուհեր են, որ այժմ ունեն դիմորդներ, իսկ մարզային բուհերի շատ մասնաճյուղերում դիմորդներ չկան: Սակայն սա, կարծես թե, այնքան էլ չի անհանգստացնում իշխանություններին, եւ իրենք զբաղված են կրթության ոլորտի բարեփոխումներով. ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները բաժանել են ոլորտների, ստեղծել հիմնադրամ, որն էլ գերծանրաբեռնված աշխատում է, որ կյանքի կոչի իշխանությունների ծրագիրը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց հիմնադրամի նախագահ Արմեն Սիմոնյանին, սակայն նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նկատենք, որ պլանավորված ակադեմիական քաղաքի ստեղծումը կոմունիկացիոն, քաղաքային պլանավորման եւ այլ հարցերում լրջագույն խնդիրներ է ստեղծելու, մասնավորապես, որ նույն ժամին միանգամից մի քանի հազար մարդիկ պետք է հասնեն դասի՝ դասախոսներն ու ուսանողները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում