«Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում Բրյունետի ելույթի պարային հատվածը հենց այն անակնկալն էր, որի մասին երգչուհին չէր բարձրաձայնում լրատվաիջոցների հետ հարցազրույցների ժամանակ:
«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես սիրում եմ պարել, եւ այդ պարային հատվածի մասին մտածել էինք դեռեւս այն ժամանակ, երբ ես գրում էի երգը»,-երեկ՝ մայիսի 11-ին, կիսաեզրափակիչ համերգից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին նշել է երգչուհին,-«Երգի երկու տարբերակ ունեցանք՝ առանց պարային ընդմիջման եւ պարով: Այո, այդ հատվածը գաղտնի պահելը շատ դժվար էր: Ես անդադար կրկնում էի, որ անակնկալ ունեմ: Խոսքը հենց այդ պարի մասին էր»,-հավելել է նա:
Երգչուհուց կրկին հետաքրքրվել են Future Lover երգում հնչող «panic attacks»/տագնապի նոպաներ/ արտահայտության մասին: Ավելի վաղ ունեցած իր հարցազրույցներում Բրյունետը նշել էր, որ առնչվել է մենթալ (հոգեկան) առողջության խնդիրների հետ:
«Ինձ համար դժվար է այդ մասին խոսելը, բայց երբ ես ասում եմ «տագնապ», ես, իսկապես, նկատի ունեմ դա: Շատերն են անցնում մենթալ խնդիրների միջով, ես՝ եւս: Պարզապես, ուզում եմ ասել, որ նորմալ է, երբ տրամադրությունդ լավ չէ: Պետք է, ուղղակի, լինես լավը, անես լավը ու լավ տեսք ունենաս»,-նշել է երգչուհին:
Հավելենք, որ Բրյունետը, հաղթահարելով «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլն, անցել է եզրափակիչ, որը տեղի է ունենալու մայիսի 13-ին: Այդ օրը հաղթանակի համար պայքարելու է 26 երկիր: