ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ: Այս մասին մայիսի 11–ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումը։
«Բռնությունը (հայ-ադրբեջանական սահմանին) խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղություն տանող ճանապարհին։ Մենք կոչ ենք անում երկու երկրների առաջնորդներին, որ երբ նրանք հավաքվեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնություն տան սահմանի երկայնքով իրենց զինված ուժերը հետ քաշելուն»,-ասել է Պատելը։
Նա հավելել է, որ զորքերի հայելային հետքաշման հարցը քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնում կայացած բանակցություններին, Պատելը դրանք «կարևոր, դրական քայլ» է անվանել։ Նրա խոսքով` կողմերը հնարավորություն են ունեցել քննարկել որոշ կարևոր հարցեր, «տեսնել մյուս կողմի տեսակետը»։
«Մենք հավատում ենք, որ շարունակում է գոյություն ունենալ ամուր առաջընթացի ճանապարհը։ Մենք կարծում ենք, որ այս խնդրին խաղաղ լուծում կա։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում այդքան խորությամբ զբաղվել այդ հարցով»,–ասել է Պատելը։
Պատասխանելով այն հարցին` արդյոք պետքարտուղարը Բրյուսելում կայանալիք հանդիպումը դիտարկում է որպես «Վաշինգտոնում երկխոսության շարունակություն», թե այն «առանձին ուղղություն» է համարում, խոսնակն ասել է, որ չի պատրաստվում առաջ անցնել բուն բանակցություններից։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։