Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկ օրվա հանգստից հետո մայիսի 12-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի մենամարտերը։

Ռինգ դուրս կգան Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացած վերջին երկու բռնցքամարտիկները՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։


92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը ցերեկային մրցահերթում (Երեւանի ժամանակով 13:00-ից) կլինի Իտալիան ներկայացնող Ազիզ Աբես Մուհիդինեն։ A ռինգում այս մենամարտը վերջինն է։

63,5 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգրի համար Հովհաննես Բաչկովը երեկոյան մրցահերթում (Երեւանի ժամանակով 17:00-ից) կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաեւի հետ։ B ռինգում 5-րդ մենամարտն է։

Բաչկովի եւ Մանասյանի քաշային կարգերի եզրափակիչները տեղի կունենան մայիսի 13-ին։