Այսօրվանից անորոշ ժամանակով վերանորոգման նպատակով փակվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Վրացական կողմը համապատասխան ծանուցում է ստացել երկաթուղու Մարաբդա-Կարծախ հատվածը կառուցող կապալառուից։


«Գնացքների երթեւեկության դադարեցման պատճառը գլխավոր կապալառուի կողմից գոյություն ունեցող հատվածում շինարարության տեմպերի արագացումն է եւ նախագիծը սեղմ ժամկետներում ավարտելը»,-«Վրացական երկաթուղիներ»-ի հայտարարությունը մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովում հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդլայնման նախագիծը կֆինանսավորվի լրացուցիչ 100 միլիոն դոլարով:

Նրա խոսքով՝ բոլոր երկրների շահերից է բխում Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու ընդլայնումը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Եվրոպան եւ Ասիան կապող միջանցքի լոգիստիկ մասն է։ Նախագիծը թույլ է տվել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ցանցերը միավորել մեկ տրանսպորտային միջանցքի մեջ։

Այս երկաթուղային գիծը թեստային ռեժիմով աշխատում է 2017 թվականից։

ԲԹԿ-ի վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից, որը 775 մլն դոլարի երկու արտոնյալ վարկ է հատկացրել:

ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 830 կմ:

ԲԹԿ երկաթուղու կառուցման նախագիծը, մասնավորապես, ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, որից 68 կմ-ը՝ Թուրքիայի տարածքում, մոտ 30 կմ-ը՝ Վրաստանում՝ Ախալքալաքից մինչեւ Թուրքիայի սահման, ինչպես նաեւ Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը Վրաստանում:

Գնահատված թողունակությունը 1 միլիոն ուղեւոր եւ 6,5 միլիոն տոննա բեռ է: Ապագայում այն կարող է աճել՝ մինչեւ երեք միլիոն ուղեւոր եւ 20 միլիոն տոննա բեռ։

Անցյալ տարի Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարանցվող բեռների վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին: