«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում ներքաղաքական կյանքը Սամվել Բաբայանի հանրահավաքից հետո փոթորկվել է: Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված այս բեմադրությունն ավելի շատ Փաշինյանի նախաձեռնությունն է, որը Բաբայանն իրականացնում է ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Գագիկ Մելքոնյանի միջնորդությամբ:
Այլ կերպ ասած, Անդրանիկ Քոչարյանն ու Գագիկ Մելքոնյանը Բաբայանի երեւանյան կուրատորներն են, եւ հենց նրանց դրդմամբ է Բաբայանը խժդժություններ անում Արցախում: Նկատենք, որ հանրահավաքը Արցախում կայացավ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը ճանաչեց խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, սակայն Սամվել Բաբայանն այդ մասին ոչինչ չասաց: Նա միայն հայտնեց, թե դա Հայաստանի իրավունքն է, մենք պիտի մեր անելիքներն իմանանք, սակայն իրականում հանրահավաքով գոլորշի բաց թողեց, որ դժգոհությունը պարպվի եւ շեղվի Փաշինյանի վրայից։
Հիմա Արցախում բոլորը շունչները պահած սպասում են նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը՝ կնշանակի արդյոք Բաբայանին պետնախարարի պաշտոնում, թե ոչ: Արցախի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանի ճնշման ներքո Հարությունյանը կգնա այդ քայլին, որքան էլ որ իր սրտով չլինի, բայց եւ անհավանական են համարում Բաբայանին այս փուլում այդ բարձր պաշտոնը վստահելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում