Մայրաքաղաք Երևանն ստանում է 10 աղբյուրների և Արարատյան դաշտի խորքային հորի արտեզյան ջուր: Սակայն, ինչպես հավաստիացրեց «Երևան ջուր» ՓԲԸ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը, ամեն բան արվում է, որպեսզի սպառումը լինի միայն 9 աղբյուրներից և վերջնականապես դադարեցվի Արարատից ջրի սպառումը:

«Վերջին 3 տարիներին արվել է ամեն ինչ, որպեսզի Արարատյան դաշտից ջրի սպառումը նվազի: Արդյունքում հասել ենք նրան, որ այժմ սպառումը սեզոնային է, միայն ամռանն ենք օգտվում, քանի որ այդ ժամանակահատվածում ջրի պահանջարկն ավելի շատ է լինում»,- իր խոսքում նշեց Սարգսյանը:
Նույն ընկերության լաբորատորիայի բաժնի պետ Սոֆիա Ասատրյանը հայտնեց, որ Երևանի Զեյթուն և Նոր-Նորք վարչական շրջաններում մատակարարվում է կաթնաղբյուրի մաքուր ջուր, և ողջ Երևանում գործում են 27 ջրամբարներ, որոնցում լեռնային ջուր է լցվում: «Մեր լաբորատորիաներն աշխատում են 365 օր՝ առանց հանգստի՝ անկախ այն բանից հոսանք կլինի, թե ոչ, քանի որ մեր տեխնիկան ունի նման հնարավորություններ»,- ավելացրեց լաբորատորիայի բաժնի պետը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու է ջրից հաճախ զգացվում քլորի համը, հյուրերը պատասխանեցին, որ քլորը ստանում են Պարսկաստանից, որից պահանջել են սերտիֆիկատներ, իսկ այնտեղ պատասխանները դրական են եղել: Իսկ Մուրադ Սարգսյանն էլ նշեց, որ հանրությունը պետք է ուրախ լինի, որ ջրից քլորի համ է զգացվում, դա նշանակում է, որ ջրի մաքրում է տեղի ունենում: «Քլորի առկայությունը չի նշանակում, որ այն չափից շատ են օգտագործում կամ քլորն անորակ է: Հաճախ ծորակը բացելիս ջուրն սկզբում սպիտակ է լինում, ինչը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում: Սակայն պետք է ասեմ, որ դա ճնշումից է, և ոչ թե քլորի մեծ պարունակությունից»,- դիտարկեց Սարգսյանը: