Վարդապետ Կոմիտասն ուղղել է մեր նոտաները եւ ստացել այն լավ երաժշտությունը, որը մենք ունենք այսօր։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոն՝ մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերությունում արած իր այն սկանդալային հայտարարությունը, թե մուղամն ի սկզբանե մերն է եղել, եւ Կոմիտասն է դա մաքրել է երաժշտությունից;
«Չեմ զղջում, ինչ-որ ասել եմ, ճիշտ եմ ասել։ Ես վերջում ճիշտ էի՝ Վարդապետն ուղղել է նոտաները։ Ես այլ բան էի ուզում ասել։ Կոմիտասը դա PR-ի համար չի արել, բայց շատ երգերի նոտաներ ինքը դզել է եւ սարքել է այն լավ երաժշտությունը, որն ունենք այսօր։ Ես խոնարհվում եմ մեր մեծերի առջեւ, ես վատ մտքով չեմ ասել, ինքը մաքրել է մեր երաժշտությունը։ Ես հետեւում եմ քննադատություններին եւ վերջում կասեմ իմ խոսքը»,- ասաց երգիչը։
Սուպեր Սաքոն նշեց, որ թեեւ հայերեն գրել-կարդալ չգիտի եւ 35 տարի ապրել է ԱՄՆ-ում, սակայն պարբերաբար այցելում է Հայաստան եւ աջակցում տարբեր ոլորտների։ Այժմ նա պատրաստվում է հովանավորել Կոմիտասի մասին մուլտֆիլմերի ստեղծումը, որոնք սփյուռքահայ երեխաներին կծանոթացնեն Կոմիտասին։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո Սուպեր Սաքոն մնացել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ՝ ի աջակցություն 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոյանի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի, որի կալանավորման միջնորդությունն է այժմ քննում դատարանը։
«Ես էլ եմ հայի զավակ, եկել եմ լինելու հայ զինվորի մոր կողքին, ոչ մի քաղաքական նկատառում չկա»,- ասաց երգիչը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն, էդ ծռած նոտաները, այդ մուղամը, ու իրենց տհաճ է թվացել: Իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել, ասելով, թե՝ չսիրեցին, բռնեք ջնջեք: Բոլոր քառորդ նոտաները ջնջել են»:
Մեծ քննադատություններից հետո Հանրային հեռուստաընկերություն հայտարարել էր, որ տարբեր անհատների կարծիքների ցուցադրումը չի նշանակում, որ Հեռուստաընկերությունը կիսում է արտահայտված մտքերը։
«Մենք մերժում ենք գրաքննության և խոսքի ազատության սահմանփակման փորձերը: Հանրայինի եթերում հեռարձակվող հարցազրույցներն ու հաղորդումները ոչ միայն տեղեկատվական բնույթ են կրում, այլև ներկայացնում են տարբեր անհատների կարծիքներ, և դրանց ցուցադրումը չի նշանակում, որ Հեռուստաընկերությունը կիսում է արտահայտված մտքերը»,- ասվում էր հայտարարությունում: