Մայիսի 22-ին մայրաքաղաքում մեկնարկեց ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառումը։
Ոստիկանությունից հայտնում են, որ բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը և ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Միխաիլ Մելիխովը։
Վարդան Մովսիսյանը ՆԳ նախարարի անունից ողջունեց միջոցառման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք։
Միխաիլ Մելիխովը փոխանցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ՆԳ նախարարությանը միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար։ Նա կարևորեց նմանատիպ միջոցառումները, քանի որ դրանց շնորհիվ մեծ արդյունքների են հասել անցած 20 տարիների ընթացքում. հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։
Միջոցառմանը մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմիններ, պատվիրակներ ՀԱՊԿ քարտուղարությունից, ինչպես նաև ՀՀ գերատեսչություններից՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։ Ներառված են դիտորդներ Չինաստանից, ԱՊՀ-ից, Ինտերպոլից:
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառմանն առնչվող մի շարք հարցեր։ Ներկայացվեցին օրակարգով նախատեսված զորավարժությունների անցկացման կարգն ու նախապես մշակված ընթացակարգը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ստորագրեցին համագործակցության հուշագրեր։