Մենք տևական ժամանակ զգուշացնում էինք, որ ՔՊ-ական իշխանությունը ձեռքը լվանում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագրից, հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից։ Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այլ կերպ ասած խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը Արցախը հանձնում է Ադրբեջանին։ Ձեզանից ոմանք չեն ուզում այս ամենին հավատալ, քանզի իրոք դժվար է հավատալ, որ որևէ հայ կարող է հայկական Արցախը հանձնել ադրբեջանցի բորենիների բզկտմանը: Մեզ մեղադրում են իշխանությունների ճիշտ չհասկանալու կամ նույնիսկ նրանց քաղաքականությունը նենգափոխելու համար։ Չնայած, էլ ինչ չհասկանալու մասին է խոսքը, երբ Փաշինյանը խոսում էր Ադբեջանի լիակատար տարածքային ամբողջականության մասին, ինչ-որ 86․600 քկմ-ի մասին։


Երեկ Փաշինյանը բաց տեքստով ասաց այն, ինչից խուսափում էր առնվազն 2-2,5 տարի, նա հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը հանձնում է Ադրբեջանին։

Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել, ինչից նա ենթադրեց, որ ավելի բարձր է, քան երկրի օրենքները, Փաշինյանը իրավունք չունի ժողովրդի անունից նման պնդում անելու, մեր երկրի օրենքները նրան այդ իրավունքը չեն տալիս։ Գերագուն խորհրդի որոշման խախտումը ծանր իրավական հետևանք կարող է ունենալ նրա վրա, բայց Դատախազությունը կարծես այլ կարևոր գործեր ունի, օրինակ Գայանե Հակոբյանի դեմ քրեական հետապնդում սկսելը»,- ասաց նա։

Պատգամավորը ընդգծեց, որ Փաշինյանը իրավունք չունի որոշելու արցախցիների ճաատագիրը։

«Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ։ Հայ ազգը շուրջ 35 տարի զոհերի տառապանքների գնով հայկական է պահել, որ Փաշինյանը գա ու ուրանա՞ մեր պայքարը, Արցախը դատապարտի կործանմա՞ն։ Արցախցիները երեկ իրենց դիրքորշումը հստակ հայտնել են, արցախցիները ոչ են ասում Փաշինյանին։ Փաշինյանն ասում է, թող արցախցիները գնան ու բանակցեն Ադրբեջանի հետ, սա կոչվում է պիղատոսություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։