ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կտրուկ պատասխանել է Լեհաստանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ գործողությունների «վնասի» հաշվարկին:
Լեհաստանը պետք է Ռուսաստանին տա իր տարածքի կեսը միայն մեկ լեհ զինվորի կողմից խոշտանգված եւ սպանված գյուղացի Իվան Սուսանինի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Լեհաստանի փոխարտգործնախարար Արկադիուշ Մուլյարչիկի՝ ԽՍՀՄ-ին ուղղված պահանջների։
Նա ավելի վաղ հայտարարել է, որ Վարշավան սկսել է հաշվել այն վնասը, որը լեհերը կրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ԽՍՀՄ-ի գործողությունների պատճառով։
«Առաջարկում եմ միայն Սուսանինի համար պահանջել Լեհաստանի կեսը։ Իսկ անկիրթներին հիշեցնում եմ ԽՍՀՄ ներդրման մասին՝ Վարշավան նացիստներից ազատագրելու եւ Երկրորդ համաշխարհայինից հետո լեհական պետության վերականգնման գործում»,-գրել է Զախարովան։
Իվան Սուսանինը Կոստրոմայի գյուղացի էր, Ռուսաստանի ազգային հերոս: 1609-1618 թվականների ռուս-լեհական պատերազմի ժամանակ նա թշնամու ջոկատին չի հայտնել երիտասարդ ցար Միխայիլ Ռոմանովի եւ նրա մոր՝ միանձնուհի Մարթայի գտնվելու վայրը, որի համար լեհերի կողմից խոշտանգվել է։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա համաձայնել է լեհ զինվորներին ցույց տալ ցարի գտնվելու վայրը, բայց տարել է անանցանելի ճահիճների ուղղությամբ, որից հետո մահապատժի է ենթարկվել։