«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն ժողովրդավարության քերթողահայր հռչակած Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում «37 թվի» մթնոլորտ է ձեւավորել՝ գրաքննում է կուսակիցներին, ինքն է որոշում՝ ինչ խոսեն, ով խոսի։ Նախօրեին՝ ՔՊ խմբակցության նիստին, պատգամավորներին խստիվ հրահանգել են՝ հնարավորինս խուսափեք լրագրողներից․ զգայուն ժամանակներ են, ցանկացած անզգույշ խոսք կարող է կրքեր բորբոքել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է իմանալ, թե հատկապես երկու թեմայով ինչ պատասխաններ տալ։


Առաջինն Աշոտ Փաշինյանի «առեւանգման» թեման է․ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դասատուի դեր ստանձնած, պատգամավորներին սովորեցրել է, որ այս թեմայով ցանկացած հարցի պետք է պատասխանել, թե խնդիրն իրավական դաշտում է, եւ իրավապահ մարմինները թող որոշեն՝ որդեկորույս մոր արարքում կա՞ հանցակազմ, թե՞ ոչ։ Երկրորդը Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությունների, հատկապես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցն է։ Այս առիթով էլ պատգամավորներին հանձնարարվել է, որ մեկ մարդու պես ասեն, թե կիսում են Փաշինյանի հնչեցրած տեսակետները։

Երեկ ԱԺ նախագահն առաջինը ցույց տվեց, որ դասը լավ է սերտել․ երբ որոշ ընդդիմադիր պատգամավորներ ձայնի բարձր տոնով ամբիոնից դատապարտեցին Փաշինյանի հայտարարությունները եւ պահանջեցին Արցախի վերաբերյալ հրատապ քննարկում նախաձեռնել, Սիմոնյանը ոչ թե ընդդիմության «պորտը տեղը դրեց», այլ իրեն ոչ բնորոշ սառնասրտությամբ հայտնեց, որ ամբողջությամբ կիսում է վարչապետի հայտարարությունները, իսկ ավելի ուշ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե բառացիորեն կրկնեց Փաշինյանին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում