Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել։ Պատճառը Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումն էր։

Ալիեւն իր ելույթում տնտեսական համագործակցության համատեքստում օգտագործել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտհայտությունը: Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահն օգտագործել է արտահայտություն, որը վերջին տարիներին քողածածկույթ է ծառայել Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու համար. «Ուզում եմ ընդգծել, որ 2020-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բայց, ցավոք, ապօրինի արգելափակվեց Ադրբեջանի կողմից»։


Նա միաժամանակ ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները, ներառյալ այն կոմունիկացիաները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով:

Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ալիևը խոսել է համապատասխան սահմանների ճանաչման հետ կապված պայմաններ ստեղծելու մասին՝ հաստատված 1991 թվականի պայմանագրերով. «Այս պայմանները հուշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանը նույնպես դրական է տրամադրված»:

Պուտինը նշել է, որ առաջիկա եռակողմ հանդիպմանը կարող են ավելի մանրամասն խոսել և քննարկել։

Ալիեւն իր հերթին ասել է, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանից։ Ըստ նրա՝ պետք է «շատ ջանալ կամ ունենալ կատաղի երեւակայություն եւ տեսնել տարածքային պահանջներ»։

«Ինչ վերաբերում է իմ օգտագործած միջանցք բառին, ապա նույն բառն օգտագործել եմ Հյուսիս-Հարավ միջանցքի, Արևելք-Արևմուտք միջանցքի հետ կապված։ Միջանցքի անվանումը ոչ մի կերպ ոտնձգություն չէ ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ»,- ասել է Ալիևը։

Նա կրկնել է, որ խաղաղ համաձայնության հասնելու հնարավորություններ կան։ Հատկապես, ըստ նրա, այն պայմաններում, երբ «Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասել է, որ մարդիկ, որոնք ծանոթ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստին, քաջատեղյակ են, որ տեքստում կա «միջանցք» բառի օգտագործման մեկ դեպք, և այդ համատեքստում այդ բառն ունի հատուկ նշանակություն: Դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո և կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։

«Սակայն, ցավոք, ապօրինի կերպով, ռուս խաղաղապահների ներկայությամբ, Ադրբեջանը փակել է այդ միջանցքը»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ և դրա հիման վրա առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման գործընթացում. «Հուսով եմ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև շուտով կսկսվի կառուցողական երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

Սրան Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը չի փակել միջանցքը, իսկ Լաչին-Խանքենդի ճանապարհը բաց է»։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց տարածքային ամբողջականությունը դուք ճանաչում եք, սահմանային անցակետ է ստեղծվել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Այս սահմանային անցակետը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի դիրքից 20 մետր հեռավորության վրա։ Իսկ այսօր Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ Ադրբեջանի բնակիչներն ազատորեն շարժվում են դեպի Հայաստան։ Ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է նա՝ կոչ անելով հարթակը չօգտագործել «անհիմն մեղադրանքների համար»։

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը նախաձեռնել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախաձեռնությունը. «Ադրբեջանի իրավունքն է նախաձեռնել այն, ինչ նա համարում է ճիշտ, օրինական, ողջամիտ և ինչն աջակցություն է գտնում Ռուսաստանի Դաշնության և գործընթացում ներգրավված այլ կողմերի կողմից»: