ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով ո՚չ պետք է Եվրոպան ընտրել, ո՚չ էլ Մաքսային միությունը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշելով, նա հավելեց, որ Եվրոպա մտնելու ցանկությունից ելնելով Ռուսաստանը որոշեց մեզ տանել դեպի Մաքսային միություն:

«Մենք ձեր «համբալը» չենք, այդտեղ զորք ունենք», - այսպես մեկնաբանեց Ռուսաստանի դիրքորոշումը Բագրատյանը, միաժամանակ հավելելով, որ Մաքսային միության հետ սահմանի բացակայությունը ոչ մի նշանակություն չունի:

Ասուլիսի ընթացքում պատգամավորն անդրադարձավ նաև Մաքսային միության դրական և բացասական կողմերին: Նրա խոսքերով, Մաքսային միություն մտնելու համար պետք է ստեղծել հանձնաժողով, քանի որ այս միության մեջ կան խոշոր էներգակիրներ և այդ միության մեջ մտնելը, նրա խոսքերով, կտանի տնտեսությունը դեպի փակուղի:

«Մաքսային միությունում կա էներգակիրների բացասական էֆեկտ: Երբ Բելոռուսը մտավ Մաքսային միություն, նրա տնտեսությունը քանդվեց` Ղազախստանի հզորացման հաշվին», - մեկնաբանեց նա:

Մաքսային միություն մտնելով, ըստ պատգամավորի, մեզ սպասվում է ռուբլու գոտի: «Անհնար է դա պատկերացնել առանց ռուբլու գոտու», - հայտարարեց նա:

Բացի այս բացասական կողմերից, բանախոսի խոսքերվ, Մաքսային միությունը հնարավորություն կտա նաև ծաղկեցնել գինու և կոնյակի արտադրությունը:

Ի վերջո, Հ. Բագրատյանի խոսքերով, այս միության մեջ մտնելով, կլինեն լուրջ վնասներ, տնտեսության անկում, բայց դրա հետ մեկտեղ ` ժողովրդավարության աճ: