Ուկրաինան ՆԱՏՕ անդամ դարձնելու ԱՄՆ ցանկությունը լուրջ սխալ էր եւ հանգեցրել է ներկա հակամարտությանը, ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Հենրի Քիսինջերը Wall Street Journal թերթի հարցազրույցում, որը հրապարակվել է ամերիկացի քաղաքական գործչի 100-ամյակի առիթով։

Նրա խոսքով՝ դարեր շարունակ Ռուսաստանն օգտվել է զգալի ազդեցությունից տարածաշրջանում, բայց նրա սեփական դիրքորոշումը Եվրոպայի հանդեպ երկակի էր, քանի որ Ռուսաստանը շահագրգռված էր նրա հետ կապերի ամրապնդմամբ սեփական զարգացման համար, բայց միեւնույն ժամանակ զգուշությամբ էր վերաբերվում Արեւմուտքից բխող պոտենցիալ սպառնալիքներին։


Քիսինջերի կարծիքով՝ հենց այդ երկակիությունն էլ հանգեցրել է հակամարտությանն Ուկրաինայում։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու առաջարկը կոպիտ սխալ էր եւ հանգեցրել է այս պատերազմին»,- ասել է նա։

Նա, սակայն, ավելացրել է, որ Բայդենի վարչակազմը «շատ ճիշտ բաներ» է արել։ «Ես աջակցում եմ նրանց Ուկրաինայի հարցում»,- ասել է նա։

«Իմ տեսակետից՝ պատերազմն Ուկրաինայում հաղթանակած է՝ Եվրոպայում միութենական պետությունների դեմ Ռուսաստանի հարձակումները կանխելու տեսանկյունից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ կան «այլ մտավախություններ, որոնք կարող են բխել Ռուսաստանից»։

Մայիսի 27-ին Քիսինջերը նշում է իր հարյուրամյա հոբելյանը։ Նա ԱՄՆ պատմության մեջ միակ պաշտոնյան է, որը միաժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի եւ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնները։ Նա համարվում է ամերիկյան դիվանագիտության նահապետը։ 1970-ականներին նա կարեւոր դեր է խաղացել հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Վաշինգտոնի քաղաքականության ձեւավորման գործում