Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իրենց հեռախոսազրույցում հաստատել են բոլոր համատեղ նախագծերի վրա աշխատելու քաղաքական կամքը, հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Կոմերսանտը»:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բանակցությունների ընթացքում քննարկվել է արդյոք գազային հանգույցի շուրջ համագործակցությունը, հացահատիկի գործարքը եւ Ուկրաինայի հակամարտությունը, Դմիտրի Պեսկովն ասել է. «Ոչ, մանրամասն քննարկումներ չեն եղել։ Եղել է եւ՛ մտադրությունների, եւ՛ քաղաքական կամքի հաստատում՝ շարունակելու այդ խոսակցություններն ու մանրամասն քննարկումները։ Դա է գլխավորը։ Իսկապես, մեր հարաբերությունների ներուժը մեծ է։ Եվ մենք պետք է այն գործի դնենք ամբողջ թափով»։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ եւ շնորհավորել նրան նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ:
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Էրդողանը 4 տոկոս առավելությամբ հաղթել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Գործող նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 52 տոկոսը, նրա ընդդիմախոսի օգտին՝ 48 տոկոսը: