ՀՀ-ի դեպքում 29 800 քկմ, և Ադրբեջանի դեպքում 86 600 քկմ մակերեսը ճանաչելը քաղաքական հայտարարություններ են. ԱԳ նախարար
12:50, 05.06.2023
Տարածաշրջան:Հայաստան, Ադրբեջան
Թեմա: Քաղաքականություն


Հայաստանի կողմից Ադրբեջանը 86 600 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29 800 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մանուկյանը հետաքրքրվեց` արդյոք ՀՀ–ն որևէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով ճանաչել է, թե ոչ։ Նա նկատեց, որ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը և փորձեց Միրզոյանից պարզաբանում ստանալ` արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29 800 քառակուսի կմ է» արտահայտությունը։

«Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետև բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29 800 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86 600 ք/կմ–ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,– ասաց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ Մանուկյանը ճիշտ է նկատել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 800 ք/կմ տարածքով։ ԱԳ նախարարը վստահեցրեց` ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել և որին ներկա է եղել նաև Իլհամ Ալիևը, որևէ հրապարակային հերքում էլ չի եղել։

Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ երբ կառավարության կողմից անընդհատ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86 600 քառակուսի կմ–ը, դրանով արդեն կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` առանց դրա համար ունենալով ԼՂ իշխանությունների արտոնությունը։

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86 600 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։